Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. դեսպան

07 Նոյեմբերի 2024, 12:00

Քաղաքականություն

Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հստակ հիմք ունեն, մենք հարևաններ ենք, դարեր շարունակ ապրել ենք կողք կողքի և ունենք շատ լավ հարաբերություններ։ Եվ ես չեմ կարծում, որ որևէ մեկը քայլ կանի երկու երկրների ժողովուրդների շահերի դեմ»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ իրանական կողմը դեմ է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և միջանցքային տրամաբանության։

Իրանի դեսպանը հուսով է՝ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների իրականացման հնարավորություն կստեղծվի:

«Հուսով ենք, որ այս օդանավակայանը կզարգանա և դրա արդյունքում մենք կկարողանանք Կապանից Իրանի տարբեր քաղաքներ ունենալ ուղիղ չվերթներ»,- նկատեց դեսպանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը նաև Իրանի անվտանգությունն ու զարգացումն է: