Թեոդոսիայի 15-րդ դարի հայկական եկեղեցին կործանման վտանգի տակ է
26 Հունվարի 2026, 10:00
Թեոդոսիայի 15-րդ դարի հայկական եկեղեցին հայտնվել է կործանման վտանգի առջև և պահանջում է անհետաձգելի միջամտություն։ Սոցիալական ցանցերում տարածվել է նրա վթարային վիճակի մասին մտահոգիչ հաղորդագրություն․ 2026 թվականի հունվարի 12-ին արձանագրվել է մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ հանդիսացող Գաբրիել և Միքայել եկեղեցու զանգակատան մասնակի փլուզում։
Հրապարակման հեղինակը զգուշացրել է, որ Ղրիմը կարող է զրկվել պատմության եզակի հուշարձանից։ Հենց այստեղ՝ 1848 թվականին, հայկական ծեսով տեղի է ունեցել նկարիչ Հովհաննես Այվազովսկու և Յուլիա Գրևսի պսակադրությունը։
Եկեղեցին օգտագործման իրավունքով հանձնված է Թեոդոսիայի «Սուրբ Սարգիս» կրոնական կազմակերպությանը, որը մտնում է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կազմի մեջ։ Իր գոյության դարերի ընթացքում եկեղեցին բազմաթիվ փորձություններ է կրել․ 1927 թվականի երկրաշարժի հետևանքով ավերվել է արևմտյան գավիթը, իսկ 1962 թվականին փլուզվել է ճակատի մի մասը։ Հետագայում իրականացվել է վերակառուցում․ վերականգնվել է գավիթը, փոխարինվել են պատուհանների և դռների շրջանակները, նորոգվել է տանիքը և փակվել են ճեղքերը։ Այդ ժամանակից ի վեր լայնածավալ վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել։
«Հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանների թվով Ղրիմը աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ Արցախից, Արևմտյան Հայաստանից (ներկայումս Թուրքիայի տարածք) և Հայաստանից հետո», – նշել է «Ղրիմի հայերը» պատմական ակումբի ղեկավար Թիմուր Յանը։