Թեոդոսիայում վերանորոգումից հետո վերաբացվել է Այվազովսկու պատկերասրահը

17 Մարտի 2024, 12:40

Մշակույթ

Հայկական ծագումով ռուս նշանավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահը, որը գտնվում է Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, եռամյա լայնածավալ վերականգնումից հետո բաց է այցելուների համար։

Հանդիսավոր բացմանը ներկա են եղել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկիտա Միխալկովը, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք:

«Այվազովսկու պատկերասրահը վերանորոգումից հետո բացվում է ղրիմցիների և Ղրիմի հյուրերի համար։ Բոլոր որոշումները կայացրել է մեր նախագահը՝ Վլադիմիր Պուտինը։ Իրականում սա Թեոդոսիայի ամենանշանավոր օբյեկտն է, որտեղ ամբողջ պատմությունը կապված Է Այվազովսկու անվան հետ», — նշել Է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

Թանգարանի հավաքածուն ունի ավելի քան 13 հազար ցուցանմուշ և գեղանկարչության, գրաֆիկայի, արխիվային փաստաթղթերի, Այվազովսկու ընտանիքին, նրա ժամանակակիցներին, աշակերտներին, ինչպես նաև արևմտաեվրոպական ծովանկարիչներին, հարավ-արևելյան Ղրիմի նկարիչներին պատկանող հուշային իրեր:

Վերականգնման աշխատանքները պատկերասրահում մեկնարկել են 2021 թվականի մարտին։
Նշենք, որ Այվազովսկու անվան պատկերասրահը Ղրիմում գործող ամենահին թանգարաններից է: Առաջին ցուցադրությունը բացվել է 1845թ-ին: Նկարչի մահից հետո՝ 1900թ-ին, պատկերասրահը, Այվազովսկու կտակի համաձայն, քաղաքի սեփականությունն է դարձել:

Հիմա եթերում