Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունը» և Փաշինյանի խաղաղության դարաշրջանը
24 Մայիսի 2023, 17:20
Alpha News-ն իր ուղիղ եթերում տեսակամուրջով կապ հաստատեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ և հարցադրում արեց, թե կան շրջանակներ, որոնք մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսին հնչած մտքերի և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997 թվականին հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունը» հոդվածի միջև համեմատականներ են տանում, արդյո՞ք տեղին է այդ համեմատությունը:
Հակոբյանը պատասխանեց, որ և՛ կարելի է ընդհանուր եզրեր գտնել, և՛ ոչ, քանի որ հսկայական հակադրություններ կան Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի միջև.
«Առաջին նախագահն ուներ իզմեր, պահում էր իր դիրքորոշումը, իսկ Նիկոլ Փաշինյանը 5 տարվա ընթացքում տարբեր հայտարարություններ է արել Արցախի հարցի վերաբերյալ»:
Քաղտեխնոլոգը վերհիշել է 90-ականների զարգացումները.
«Նմանությունն այնքանով է, որ 1997 թվականին քաղաքական դիսկուրսը հիմնականում ընթացել է նույն թեմայի շուրջ՝ ի՞նչ արժի խաղաղությունը և ի՞նչով է պետք վճարել այդ խաղաղության դիմաց:
Այդ ժամանակ բանավեճը ծագեց նախևառաջ մոդելի շուրջ, թե այդ խաղաղությանն ինչ մոդելով պետք է հասնեին՝ փուլայի՞ն, թե՞ փաթեթային: Այդ ժամանակ լուրջ ընդվզում եղավ, որի հոսանքը պայմանավորված էր նաև 1996 թվականի ընտրություններով, քանի որ այդ ժամանակից իշխանությունը ուշքի այդպես էլ չէր եկել:
Ընդդիմությունից բացի, որն անհամեմատ շատ ավելի հզոր էր քանակական ու վճռականության առումով, և՛ Հայաստանի, և՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում եղան մարդիկ, ովքեր իրենց անհամաձայնությունը հայտնեցին Տեր-Պետրոսյանին:
Առաջին նախագահը քաղաքական լուրջ քայլ արեց՝ հայտարարեց, թե քանի որ հասարակության մի զգալի հատված չի ընդունում իր դիրքորոշումը, ինքը լքում է իր պաշտոնը:
Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը նաև ընդգծել էր.
«Ինքը խաղաղության կուսակցության ներկայացուցիչ է, բայց հաղթեց պատերազմի կուսակցությունը», — ականատեսի աչքերով պատմել է Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլոգը կարծում է, որ այժմ ՀՀ իշխանության մեջ չկան կամ առայժմ չեն երևում այնպիսի գործիչներ, որոնք կհամարձակվեն այսօրվա քաղաքական կուրսին դեմ գնալ ու ընդդիմանալ Փաշինյանի՝ ցանկացած գնով խաղաղության հասնելու նկրտումներին: