Տեսնում ենք երկրի առաջին դեմքերի կողմից արցախցիների նկատմամբ ատելության քարոզ․ Նարե Սիմոնյան

44-օրյա պատերազմի ավարտից հետո մեր հանրության մի մասը գիտակցեց՝ այս իշխանությունները միտումնավոր ամեն ինչ տանում են նրան, որ Արցախն ամբողջովին հանձնվի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է արցախցի հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո մեր հանրության զգալի մի մասը գիտակցեց, որ այս իշխանությունները ոչ միայն չեն պատրաստվում պաշտպանել Արցախը, այլև գուցե նաև միտումնավոր ամեն ինչ տանում են նրան, որ Արցախն ամբողջովին հանձնվի։ Եվ երբ 2021թ-ին իրենց նախընտրական ծրագրում պետք է հայ ընտրողին, հայ հասարակությանը համոզել, որ նրանք պայքարում են Արցախի համար և արցախցիների իրավունքները նրանց համար առաջնահերթություն են, նրանք իրենց ծրագրում բավականին մեծ հատված էին հատկացրել Արցախի ինքնորոշման իրավունքին, անգամ Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի մասին էին խոսում։ Բայց ընտրություններից հետո տեսանք, որ նրանք ավելի ագրեսիվ դարձան Արցախի հարցում»,- նշել է Նարե Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ շրջափակման և բռնի տեղահանման ընթացքում օրվա իշխանությունները ինֆորմացիոն աջակցություն էին ցույց տալիս Ադրբեջանին։

«Տեսանք Պրահայի հայտարարությունը, դրան հաջորդող հայտարարությունները, շրջափակված Արցախը ոչ թե աջակցություն էր ստանում, ոչ թե խոսվում էր, որ նրանք ցեղասպանության վտանգի առաջ են, հետևաբար՝ ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչել և այլն, այլ տեսնում էինք, որ տարբեր հարթակներում ի օգուտ Ադրբեջանի էր խոսվում, և կանաչ լույս էին ցույց տալիս Ադրբեջանին՝ իրագործելու իր ցեղասպան քաղաքականությունը»,- ընդգծել է նա։

Նարե Սիմոնյանն իր խոսքում ընդգծել է, որ օրվա որոշումների պատասխանները կախված են իշխանության քմահաճույքից և իշխանությունը պահելու գերնպատակից։

«Այդ կեղծ, ոչ իրավական հրամանագիրը ստորագրվեց ոչ թե ուժի կիրառման սպառանալիքի տակ, այլ ուժի կիրառման պայմաններում։ Եվ դրանից հետո, երբ լրագրողները դիմում էին ՀՀ ԱԳՆ-ին, նշում էին, որ արցախցիների վերադարձի հարցը օրակարգում է, բայց օրեր առաջ ականատես եղանք նույն ԱԳՆ-ի խայտառակ հայտարարությանը, թե արցախցիների վերադարձի հարցն այլևս օրակարգում չէ, և եթե չիմանայինք, որ ՀՀ ԱԳՆ-ն է հայտարարության հեղինակը, կկարծեինք Ադրբեջանի կողմից է արված։ Ստացվում է հայկական դիվանագիտությունն օրվա իշխանությունների օրոք չունի հստակ ուղեծիր, օրվա որոշումների պատասխանները կախված են իշխանության քմահաճույքից և իշխանությունը պահելու գերնպատակից։

Այսօրվա ակցիայի ընթացքում խոսվեց այն ամենի մասին, որ իշխանության նախընտրական ծրագրի վրա հիմնված հետընտրական ծրագիրը ևս մեկ խաբեության թուղթ էր, որով փորձում էին հայ հանրությանը համոզել, որ նրանք պատրաստ են և ուզում են պայքարել Արցախի համար։ Այնինչ այս 5 տարվա ընթացքում մենք տեսնում ենք միայն Արցախից էտապային հրաժարում և երկրի առաջին դեմքերի կողմից արցախցիների նկատմամբ ատելության քարոզ»,- եզրափակել է Սիմոնյանը։