Աշխարհի քրիստոնյաները պետք է պաշտպանեն Հայաստանը․ The Christian Post

02 Սեպտեմբերի 2025, 16:15

Քաղաքականություն

Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է անհանգստացնի բոլոր նրանց, ովքեր դավանում են քրիստոնեական հավատք։ Նման կարծիք է հայտնել Կոլորադոյի Քրիստոնեական համալսարանին կից «Centennial Institute» վերլուծական կենտրոնի տնօրեն Գրեգ Շալլերը:

«The Christian Post»-ում հրապարակված իր հոդվածում նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն աշխարհաքաղաքական շահերի օբյեկտ է, այլ քրիստոնեական քաղաքակրթության սահմանագիծ, որը պաշտպանության կարիք ունի:

Հեղինակի կարծիքով, սպառնալիքները, որոնց բախվում է Հայաստանը, իրական են և գալիս են, մասնավորապես, նրանցից, ովքեր երազում են Թուրքիայից մինչև Կովկաս տարածք ընդգրկող իսլամական կայսրության վերականգնման մասին: Նման գաղափարախոսությունը ենթադրում է հայոց պետականության ոչնչացում, նրա մշակույթի և հավատքի ճնշում։

«Լռությունը անթույլատրելի է։ Քրիստոնյաները պետք է ցուցաբերեն քաջություն, հանդես գան ի պաշտպանություն Հայաստանի, աղոթեն և հասնեն քաղաքական որոշումների, որոնք ուղղված են նրա ինքնիշխանության և անվտանգության պահպանմանը։ Անտեսել տեղի ունեցողը՝ նշանակում է դավաճանել նրանց, ովքեր դարեր շարունակ պահպանել են հավատն ամենածանր պայմաններում», — ասվում է հոդվածում։

Շալլերը համոզված է, որ ԱՄՆ-ի ակտիվ դիրքորոշումը կարող է զսպել ագրեսիան և ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը: Նա կոչ է անում հոգևոր ժառանգության ազդեցությամբ ձևավորված քրիստոնյա ժողովուրդներին գիտակցել Հայաստանի պաշտպանության կարևորությունը:

«Հայերի համար գոյատևման հարցը պարզապես ազգային շահ չէ։ Սա քրիստոնեական արժեքներին մեր նվիրվածության փորձությունն է։ Հավատում ենք արդյոք, որ առաջին քրիստոնյա ազգի ժառանգությունն արժանի է պաշտպանության»,- հարցնում է հեղինակը:

Սահմանափակ ռեսուրսների պայմաններում հայերը շարունակում են պահպանել այն հավատքը, որը կրել են դարերի ընթացքում։ Եվ այսօր, առավել քան երբևէ, կարևոր է թույլ չտալ, որ այդ լույսը մարի:

«Եթե մենք չպահպանենք հավատը Հայաստանի հանդեպ, մենք վտանգում ենք կորցնել ոչ միայն ազգը, այլ նաև քրիստոնեական աշխարհի մի մասը։ Ժամանակն է գործել՝ խոսել, աղոթել և պաշտպանել», -ամփոփել է Շալլերը: