Տիեզերագնացի վկայական ստացած Հարություն Կիվիրյանը Գյումրիում հանդիպել է տիեզերագնացությամբ հետաքրքրվողների հետ
26 Հունիսի 2023, 12:11
Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի «Ռուսական տուն» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում է Հարություն Կիվիրյանը, ով «Ռոսկոսմոսի» ընդհանուր տիեզերական ուսուցման ծրագրի հաջող ավարտից հետո ստացել է տիեզերագնացի վկայական: Հարություն Կիվիրյանը հունիսի 25-ին Գյումրիում հանդիպումներ է ունեցել տիեզերքով ու տիեզերագնացությամբ հետաքրքրվողների հետ։
Հարություն Կիվիրյանը կարող է դառնալ երկրորդ հայը, որը կթռչի տիեզերք․ 2023 թվականին Կիվիրյանին շնորհվել է «տիեզերագնաց-փորձարկողի» որակավորում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպման ընթացքում, ներկայացնելով իր անցած ճանապարհը, 29- ամյա երիտասարդը նշել է, որ ծնվել է Մայկոպում։ 2015 թվականին ավարտել է Բալթյան «Վոյնմեխ» պետական տեխնիկական համալսարանը՝ «Հրթիռաշինություն» մասնագիտությամբ:
Ռազմական ամբիոնում սովորելու տարիներին վերապատրաստում է անցել հրթիռային համալիրների շահագործման մասով: 2019-ին սովորել է Սերգեյ Կորոլյովի անվան տեխնիկական դպրոցում՝ յուրացնելով ծրագրային կառավարմամբ հաստոցների աշխատանքը։
2021 թվականի հունվարի 27-ին տիեզերագնացների ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ընտրվել է «Ռոսկոսմոսի» տիեզերագնացների ջոկատում փորձարկող տիեզերագնացի մասնագիտությունը ուսանելու համար, ինչի արդյունքում Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման գիտահետազոտական փորձարարական կենտրոնին առաջարկվել էր 2 229 թեկնածուներից «Ռոսկոսմոսի» տիեզերագնացների ջոկատում որպես փորձարկող տիեզերագնաց նշանակել նրանցից չորսին՝ Հարություն Կիվիրյանին, Սերգեյ Իրտուգանովին, Ալեքսանդր Կոլյաբինին և Սերգեյ Տետերյատնիկովին։
«Իմ համար հպարտություն ու պարտավորեցնող է լինել «Ռոսկոսմոսի» կազմում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Հարություն Կիվիրյանը՝ պատմելով, որ իր մանկական երազանքն էր սպա դառնալ՝ դա է պատճառը, որ սկզբում ավարտել է Սուվորովի համալսարանը, որից հետո մի անգամ բախտ է ունեցել հանդիպել տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Գեորգի Գրեչկոյի հետ եւ դա ճակատագրական նշանակություն է ունեցել իր կյանքում:
«Հանդիպումը ինձ ոգեւորեց, եւ ես որոշեցի ինձ փորձել այդ ուղղությամբ »,- հավելեց նա։
Անդրադառնալով Հայաստան կատարած այցին՝ Կիվիրյանը նշեց, որ տպավորված է շատ՝ ծնողները համշենահայեր են, տանը հայերեն է խոսում, ապրում են հայկական կենցաղով, հայկական է խոհանոցը, բայց այստեղ՝ Հայաստանում, ամեն ինչ շատ ավելի տպավորիչ է. «Զբաղվածության պատճառով շատ բան չտեսա, ավելի շատ մեքենաների միջից, բայց այն վայրերը, ուր այցելեցի, մեծ տպավորություն թողեցին»։
Վերջում տիեզերագնացը նշեց, որ մեծ ցանկություն ունի մինչեւ 2028 թվականը հայտնվել միջազգային տիեզերական կայանում: