Տիգրան Բարսեղյանը պատմել է՝ ինչ է խոսել Կրիշտիանու Ռոնալդուի հետ

11 Հոկտեմբերի 2025, 16:52

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանը հունգարական Nemzeti Sport-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է Հունգարիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարում կայանալիք առաջիկա խաղին, խոսել է նաև Պորտուգալիայի թիմի դեմ սեպտեմբերին Երևանում կայացած հանդիպման (0-5) ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուի հետ շփման մասին:

«Մենք գիտեինք, թե ում դեմ ենք խաղում։ Պորտուգալիան Ազգերի լիգայի գործող հաղթողն է։ 0-5 հաշվով պարտությունը նախազգուշացում էր: Հունգարիան տանը պարտվեց նրանց ընդամենը մեկ գոլի տարբերությամբ, և դա շատ բան է ասում Մարկո Ռոսիի թիմի ուժի մասին:

Պորտուգալացիների դեմ մրցավեճի երկրորդ խաղակեսում Ռոնալդուն հարցրեց ինձ, թե ինչու ենք մենք այդքան խորը պաշտպանվում և չենք փորձում գոլ խփել։ Ես պատասխանեցի՝ «Եթե այդքան հեշտ լիներ»։ Ապա նա կատակեց՝ ասելով, որ ինքը մեկ գոլ կխփի, հետո իմ հերթը կլինի։ Եվ իրոք, կես րոպե անց նա գոլ խփեց՝ ցույց տալով, որ հիմա իմ հերթն է:

Մենք տանը չէինք հաղթել մեկ տարուց ավելի, ուստի Իռլանդիայի հավաքականի դեմ խաղացինք սրտով ու հոգով։ Երկրպագուներն իսկապես օգնեցին մեզ. մարզադաշտը լեփ-լեցուն էր:

Հունգարացիները հիանալի թիմ ունեն, նրանցից շատերը խաղում են լավագույն ակումբներում, և նրանց թիկունքում կլինի 60,000 երկրպագու։ Բայց խաղը սկսվում է 0-0 հաշվով, և մենք խաղադաշտ դուրս չենք գա հանձնված։ Մենք կպայքարենք մինչև վերջ:

Խմբի ճակատագիրը կարող է որոշվել Բուդապեշտում և Դուբլինում կայանալիք խաղերում։ Այս խաղերից հետո պարզ կլինի, թե որ հավաքականները կմնան փլեյ-օֆֆի խաղերի համար պայքարում»,- ասել է Բարսեղյանը: