Տիգրան Համասյանի ու «Պերսիմֆանսի» համատեղ համերգը՝ Մոսկվայում
14 Հունվարի 2025, 16:38
Աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում հանդես է եկել «Պերսիմֆանս» սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ակադեմիական երաժշտության պատմության մեջ այն առանց դիրիժորի առաջին սիմֆոնիկ նվագախումբն է։
Տիգրան Համասյանն իր լավագույն ստեղծագործությունները մոսկովյան հանրությանն է ներկայացրել բոլորովին նոր հնչողությամբ՝ առաջին անգամ միավորվելով լեգենդար «Պերսիմֆանս» սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Սիմֆոնիկ նվագախումբ հիմնադրվել է 1922 թվականին Մոսկվայում, սակայն 10 տարի անց խումբը լուծարվել է։ 2008 թվականին խումբը վերստեղծվել է և, ավանդույթի համաձայն, նվագախմբի երաժիշտները նվագում են առանց դիրիժորի։
Տիգրան Համասյանի հեղինակային ստեղծագործություններն էլ հայկական ֆոլկի, ամերիկյան ջազի և նույնիսկ պրոգրեսիվ ռոքի վառ խառնուրդ են: Այս ամբողջ բազմազանությունը ստեղծում է անսովոր կոմպոզիցիաներ, որոնք տարեցտարի ճանաչում են ստանում հասարակության կողմից։