Տիգրան Մանսուրյան.Մեր ժամանակների տաղանդավոր կոմպոզիտորը
27 Հունվարի 2025, 22:50

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունվարի 27-ին հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է։
Մանսուրյանը ծնվել է Բեյրութում 1939 թվականին: Թեև Տիգրանի ծնողները երաժիշտներ չէին, նա, ինչպես իր քույրը՝ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը, իր կյանքը նվիրել է երաժշտությանը։ Արաքսը հաճախ է հիշում, որ որ Բեյրութում ապրելու տարիներին իրենց ընտանիքում առավոտները միշտ սկսվում էր երգերով։
1947թ-ին ընտանիքի հետ հայրենադարձել է: Նրանք բնակություն են հաստատել Շիրակի մարզի Արթիկի շրջանում, որտեղ ապրել էն 10 տարի:
Կյանքը հեշտ չի եղել. Շիրակը շատ էր տարբերվում Բեյրութից, և ֆինանսական դժվարությունները հաճախ մեծ խնդիրներ էին ստեղծում: Տիգրանն օգնել է լուսանկարիչ հորը գումար վաստակել՝ նրա հետ շրջելով Արթիկի շրջանի գյուղերով։
Իր հարցազրույցներից մեկում Մանսուրյանն ասել է․ «Արթիկում եմ մեծացել, իմ հին օրերի երգերը Շիրակի դաշտի երգերն են: Բացի թուրքական երգերից, բոլոր ժողովուրդների երգերը սիրում եմ, ականջս վիրավորում է թուրքերենը»։
1965 թվականին ընդունվել է Լենինականի երաժշտական ուսումնարան, այնուհետև ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Հենց ուսման տարիներին է ծանոթացել իր սիրո՝ ապագա կնոջ՝ Նոնայի հետ։
Նոնան ծնունդով Շուշիից էր, և հենց նա էր կոմպոզիտորի մեջ արթնացրել հետաքրքրությունը Արցախի հանդեպ։ Զույգը հաճախ էր լինում Արցախում։ Լինելով երաժշտագետ՝ Նոնան ակտիվորեն օգնում էր ամուսնուն ստեղծագործական աշխատանքում։ Նա դժգոհ էր, երբ նա երաժշտություն էր գրում ֆիլմերի համար՝ համարելով, որ դա չպետք է լինի իր գլխավոր և ամենանշանակալի աշխատանքը։ Սակայն հենց նրա ֆիլմերի համար գրված երաժշտության շնորհիվ է, որ Տիգրան Մանսուրյանը հայտնի դարձավ ավելի լայն լսարանին։ Այդ ֆիլմերն են՝ «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Կորիոլան», «Մեր մանկության տանգոն», «Ճերմակ անուրջներ» և այլն:
Ամուսինները երկու երեխա ունեն՝ Եղիան ու Նվարդը: Նոնան կյանքից հեռացել է 67 տարեկանում։ Նրա հիշատակին Տիգրան Մանսուրյանը երաժշտական շարք է գրել՝ հիմնված Եղիշե Չարենցի բանաստեղծությունների վրա, այն բանաստեղծի, ում երկուսն էլ շատ էին սիրում։
Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են։ Նրա ստեղծագործությունները հայ երաժշտարվեստի բացառիկ ու անփոխարինելի նմուշներից են։ Կոմպոզիտորն ունի բազմաթիվ ու բազմազան երաժշտական ստեղծագործություններ։ Հայ պոեզիայի մեծ սիրահար Տիգրան Մանսուրյանը հեղինակել է նվագախմբի, երաժշտական առանձին գործիքների ու երգչախմբի համար գրված բազմաթիվ ստեղծագործություններ` հայ բանաստեղծների գործերի հիման վրա (Ներսես Շնորհալի, Նահապետ Քուչակ, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Համո Սահյան և այլք)։