Տիգրան Քեոսայանի ֆիլմը կցուցադրվի «Լուչեզարնի անգել» կինոփառատոնում

30 Հոկտեմբերի 2025, 10:00

Մշակույթ

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի վերջին ֆիլմը՝ «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» (2025 թ.), կներկայացվի «Լուչեզարնի անգել» («Лучезарный ангел») 22-րդ միջազգային բարեգործական կինոփառատոնում, որը տեղի կունենա Մոսկվայում հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 6-ը «Պոկլոնկա» կինոթատրոնում։

Ֆիլմը կներկայացնի Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմի գլխավոր դերակատար Ֆյոդոր Դոբրոնրավովը։

Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմը նկարահանվել է նախքան ռեժիսորի՝ ծանր հիվանդանալն ու կոմայի մեջ ընկնելը։ Ֆիլմի սցենարը գրվել է Մարգարիտա Սիմոնյանի պատմվածքի հիման վրա։

Գլխավոր հերոսն Ադլերի 70-ամյա բնակիչ Պյոտր Սեմյոնիչն է, որը տագնապալի լուր է ստանում. նրա մոտ թոքերի քաղցկեղի կասկած կա։ Ախտորոշման հստակեցումը՝ մեկ շաբաթ անց, և այդ ամբողջ ընթացքում նա ապրում է սպասման մեջ՝ խորասուզվելով հիշողությունների մեջ և հետևելով ներկային։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Կրասնոդարի երկրամասում։