Տիկնիզյանը բացատրել է, թե ինչու է Յանա Ռոմաշկինայի հետ ամուսնացել իրենց ծանոթությունից ընդամենը վեց ամիս անց
02 Դեկտեմբերի 2023, 10:50
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է, թե ինչպես են սկսվել իր հարաբերությունները հեռուստահաղորդավարուհի Յանա Ռոմաշկինայի հետ, ինչպես նաև բացատրել, թե ինչու են նրանք ամուսնացել հանդիպելուց ընդամենը վեց ամիս անց: Այս մասին գրում է Championat.com-ը:
«Շատերը զարմացած էին, թե որքան արագ տեղի ունեցավ ամեն ինչ: Ինչպե՞ս սկսվեցին մեր հարաբերությունները: Ես չգիտեի, որ հազարավոր մարդիկ են մեզ հետևում (ծիծաղում է): Յանայի հետ ծանոթացա ապրիլին և վերջերս ամուսնացա։ Ոմանց համար դա արագ է, բայց ինձ համար՝ ժամանակին, երբ գիտակցված տարիքում հասկանում ես, որ միմյանց լրացնում եք ու ավելի լավը դարձնում։ Յանան ինձ հաստատ ավելի լավ մարդ է դարձնում։ Ես շատ շնորհակալ եմ նրան: Նա մեծապես աջակցում է ինձ, ներկա է լինում «Լոկոմոտիվի» հանդիպումներին և հաճախ է գալիս Հայաստան՝ ազգային հավաքականի հանդիպումներին։
Ես նույնքան վստահ եմ նրա վրա, որքան ինքս ինձ վրա, ուստի իմաստ չուներ հետաձգել: Եթե սիրում ես ամբողջ սրտով և գիտակցաբար ընտրություն ես կատարում, ապա ի՞նչ տարբերություն՝ ամուսնանաս վեց ամսի՞ց, թե՞ երկու տարուց հետո։ Տարբերությունն այն է, որ եթե ամուսնանաս երկու տարուց, ապա աղջկա համար դա ցուցիչ կլինի, որ ինչ-որ տեղ նա վստահ չէր կամ կասկածներ ուներ»,- ասել է Տիկնիզյանը։