Թինա Կանդելակի․ Հայի մտքով և վրացական խորաթափանցությամբ

10 Նոյեմբերի 2024, 23:07

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Նոյեմբերի 10-ը հայտնի հեռուստահաղորդավարուհի, պրոդյուսեր և գործարար Թինա Կանդելակիի ծննդյան օրն է։

Թինա Կանդելակին ծնվել է 1975 թվականին Թբիլիսիում։ Հայրը վրացի է, մայրը՝ հայ։

90-ականների սկզբին Թինան սովորել է պլաստիկ կոսմետոլոգիա, իսկ ավելի ուշ փոխել է ուղղվածությունը և ավարտել Թբիլիսիի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2008 թվականին Կանդելակին ավարտել է նաև Ռուսաստանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Թինայի մայրը դստերը հայերեն է սովորեցրել, որին նա այժմ լավ է տիրապետում։ «Մայրս իմաստուն հայուհի է։ Նա մանկուց իմ մեջ սերմանել է հայկական ավանդույթներ, օրինակ՝ ես ամեն ապրիլի 24-ին սգում եմ հայ ժողովրդի հետ»,- մի առիթով խոստովանել է հեռուստաաստղը։

Ի դեպ, Թինա Կանդելակին հիանալի գործարար է։ Նա «Ապոստոլ» PR ընկերության համասեփականատերն է, որը նաև ծրագրեր է իրականացնում ներքին առաջատար ալիքների համար։ Արդեն 2010 թվականին նա դարձել է Ռուսաստանում «Oriflame»-ի դեսպան։ Նույն թվականին Մոսկվայի Պլյուշչիխա փողոցում բացվել է վրացական «Թինաթին» ռեստորանը։ Հաստատության առանձնահատկությունն այն է, որ ճաշացանկում առկա բոլոր ուտեստների բաղադրատոմսերը գրել է Թինայի մայրիկը:

2021 թվականից եղել է «Գազպրոմ մեդիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ և «Գազպրոմ մեդիա ժամանցային հեռուստատեսության» գործադիր տնօրեն։ 2022 թվականից ТНТ հեռուստաալիքի տնօրենն է։ Վեց տարի եղել է «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը։

Հեռուստատեսության ոլորտում Թինան մեծ ճանաչում ձեռք բերեց հստակ և անհավատալի արագությամբ խոսելու ունակության շնորհիվ: Նա նաև շատ արագ է ներգրավվում ցանկացած նախագծի մեջ՝ զարդարելով այն իր ներկայությամբ։

Նշենք, որ Կանդելակին ունի գործարար խելք, սուր միտք, հարցերը օպերատիվ լուծելու և առաջադրված խնդիրները հաղթահարելու ունակություն, ընդ որում՝ միշտ դրական արդյունքով։

Հիմա եթերում