Տիրադավ եպիսկոպոսները այդպիսով դեմ են դուրս գալիս իրենց իսկ ստանձնած «եկեղեցին ապաքաղաքականացնելու» կեղծ հանձնառությանը. «Հայաքվե»
05 Հունվարի 2026, 11:58
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:
«Դրանով Նիկոլ Փաշինյանը և նրա կամակատարը դարձած բարձրաստիճան հոգևորականները փաստացի հայտարարում են, որ անթույլատրելի և հակասահմանադրական եղանակով միջամտելու են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին: Տիրադավ եպիսկոպոսները, իրենց ստորագրությունները դնելով վարչախմբի պարագլխի ստորագրությունից հետո, գործընթացին բացահայտ քաղաքական և հակասահմանադրական երանգ են տալիս այդպիսով դեմ դուրս գալով իրենց իսկ ստանձնած «եկեղեցին ապաքաղաքականացնելու» կեղծ հանձնառությանը:
Առավել դատապարտելի է վարչախմբի պարագլխի սադրիչ քայլը Սուրբ Ծննդյան օրով կեղծ «ուխտերթ» կազմակերպելու և մարդկանց իրար դեմ հանելու մեր ժողովրդին կրկին պառակտելու նպատակով: «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, մշտապես կանգնած լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Մայր Աթոռի պաշտպանության առաջին շարքերում, վճռական է բոլոր օրինական միջոցներով շարունակելու պայքարը հանուն Սուրբ Էջմիածնի և մեր հավատացյալ քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության»,-ասվում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի տարածած հայտարարության մեջ։