Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Տնտեսական աճի միֆն ու պարտքային բեռի իրականությունը — AlphaEconomics

11 Սեպտեմբերի 2024, 16:00

 

Տպավորիչ տնտեսական վիճակագրությանը զուգահեռ նույնքան տպավորիչ աճեր է արձանագրում ՀՀ պետական պարտքը: Ֆինանսների նախարարության տվյալներով, 2024թ.-ի հուլիսի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 12.3 մլրդ դոլար: Հիշեցնենք, որ 2017թ.-ին այդ ցուցանիշը կազմում էր մոտ 6.2 մլրդ դոլար, այսինքն՝ գործող իշխանության օրոք այն կրկնապատկվել է:

Պարտքի մեծ մասնաբաժինը Կառավարությանն է՝ շուրջ 11.8 մլրդ դոլար: 512 մլն-ը բաժին է ընկնում ԿԲ-ին: Կարևոր է, որ Կառավարության պարտքի կառուցվածքում ներքին պարտքը գերազանցել է արտաքինին:

Այն, որ ներքին պարտքի մասնաբաժինն ավելի մեծ է, կարևոր է մի քանի հանգամանքից ելնելով: Նախ, ներքին աղբյուրներից ներգրավումը ենթադրում է տոկոսավճարների և մայր պարտավորության վերադարձ տնտեսություն:

Փողը մնում է տնտեսությունում, ինչը ենթադրում է իրական հատվածում այն ներդնելու հավանականության աճ: Այլ է խնդիրը, թե որքանով են ստեղծվում բարենպաստ պայմաններ ներդրումների համար: Երկրորդ կարևոր հանգամանքը ներքին աղբյուրներից պարտավորությունների ներգրավման արտարժութային ռիսկերի բացառումն է: Բացասականը ներքին պարտքի բարձր տոկոսադրույքներն են, ինչը պետական պարտքի միջին կշռված տոկոսադրույքը բարձրացրել է:

Իսկ վերոնշյալն այսօրվա իրողությունների համատեքստում բավական լուրջ խնդիրների առջև կարող են կանգնեցնել: Նշենք, որ արդեն իսկ 2024թ.-ից սկսած ՀՀ պետական բյուջեի վրա պարտքի մայր գումարների և տոկոսագումարների սպասարկման մեծ բեռ է գոյացել (2024թ.-ին՝ 1.6 մլրդ դոլար, 2025-ի՝ 1.8 մլրդ դոլար): Բնական է՝ բարձր տոկոսադրույքն աճող սպասարկման բեռ է ենթադրում:

Միևնույն ժամանակ, կարևորում ենք ընդգծելը, որ պարտքի ներգրավման երևույթն օրինաչափ է, եթե չկա կառավարման, կառավարելիության և իհարկե՝ ապագայում սպասարկման խնդիր: Կառավարումն այսօր վերցված գումարների արդյունավետ, այն է՝ տնտեսության կայուն ու երկարաժամեկտ աճին միտված օգտագործումն է: Կապիտալ ծախսերի պարբերաբար թերակատարումները վկայում են այս մասով եղած խնդիրների մասին: Կառավարելիության իմաստով, ՀՆԱ/պարտք հարաբերակցությունն այսօր բարվոք մակարդակում է՝ 2023թ.-ի ՀՆԱ-ի համեմատ 48,4 %: Մինչդեռ այս ցուցանիշը ևս կայուն չէ, քանի որ դրա վրա ազդեցություն ունի դրամի նկատմամբ դոլարի մոտ 20 % արժեզրկումն, ինչպես նաև ոչ կայուն՝ ժամանակավոր գործոններով ձևավորված ՀՆԱ-ն:

Որպես ամփոփում. այսօր ձևավորվող տնտեսական աճը, որն առավելապես վիճակագրական հոսքերի ամրագրում է, վիճակագրական միֆ, իրական հատվածում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումների հետ երբեմն պարզապես կապ չունի: Որպես օրինակ՝ արտահանման անգամներով աճը, երբ վերաարտահանման գործոնն անտեսելու պարագայում իրականում ունենք հայրենական ապրանքների արտահանման անկում: Ուստի պետական պարտքի՝ այս տեմպերով ներգրավումը տնտեսության աճի կայուն հիմքեր չունենալու պարագայում, մտահոգիչ է: