Տնտեսական խնդիրների պատճառով Լոս Անջելեսում գողությունները շատացել են․ Ադրին Նազարյան

15 Նոյեմբերի 2024, 23:50

Քաղաքականություն

Մարդիկ Լոս Անջելեսում իրենց ապահով պետք է զգան, որ կարողանան նաև իրենց ընտանիքները պահել, և չցանկանան հեռանալ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նորընտիր անդամ Ադրին Նազարյանը։

«Լոս Անջելեսում վերջին 4 տարիները դժվար ժամանակներ էին տնտեսական լարվածության առումով։ Գործազրկությունը մեծ է, մարդիկ մտահոգված են, և այս ամենը հանգեցնում է տնտեսական խնդիրների։ Երբ համեմատում ենք սպանությունների կամ նման այլ վտանգավոր դեպքերը նախորդ 30-40 տարիների հետ, տեսնում ենք, որ նման դեպքերի թիվը կտրուկ նվազել է, բայց տնտեսական խնդիրների պատճառով մանր գողությունների և խուլիգանությունների թվերն ավելի շատ են։ Կարծում եմ՝ այս պարագայում առաջնայինը, որ պետք է անել, ոստիկանների թիվն ավելացնելն է։ Մարդիկ իրենց ապահով պետք է զգան այստեղ, որ կարողանան նաև իրենց ընտանիքները պահել ու չցանկանան հեռանալ մեկ այլ տեղ։ Մարդիկ պետք է հանգիստ ներդրումներ կատարեն և չմտածեն, որ կարող են կողոպուտի զոհ դառնալ»,- ասաց Նազարյանը։

Խոսելով Լոս Անջելեսում ապրող անտուն մարդկանց մասին՝ նա նշեց․

«Երբ այլ նահանգներից անտուն մարդիկ են գալիս Լոս Անջելես, դա արդեն խնդիր է։ Պետք է կառավարությունից ֆինանսավորում ստանալ, որ կարողանանք այդ մարդկանց օգնել, քանի որ սա միայն Լոս Անջելեսի խնդիրը չէ։ Մենք երբեք չենք օգնել անտուններին, չունեինք ծրագրեր, որոնցով կարող էինք լուծել այդ խնդիրը, ու հենց դրա պատճառով 2016-17 թթ-ին հատկապես Լոս Անջելեսում խայտառակ շատացան անտունների թիվ։ Դա անգործության նման է՝ միշտ որոշակի թվեր լինելու են, բայց պետք է ամեն ինչ անել, որ դրանք մաքսիմալ քիչ լինեն»,- եզրափակեց Նազարյանը։