Տնտեսության աճի տեմպերի թուլացումը պայմանավորված է անվտանգային խնդիրներով․ Լիլիա Ամիրխանյան
02 Նոյեմբերի 2023, 22:40
Մակրոտնտեսական օպերատիվ տվյալները փաստում են, որ տնտեսության աճի տեմպերը որոշակիորեն թուլացել են։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «ՀԱՅԱՑՔ» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ պարզաբանելով, թե ինչով են պայմանավորված նման անկումները։
«Մակրոտնտեսական օպերատիվ տվյալները փաստում են, որ տնտեսության աճի տեմպերը որոշակիորեն թուլացել են և թուլացել են շատ կանխատեսելիորեն։ Առաջին հերթին պայմանավորված այն բազային էֆեկտով, որն ապահովել էր 2022 թվականը։ Արտաքին գործոնների ազդեցության արդյունքում Հայաստանի տնտեսությունը 2020 թվականի մարտ-ապրիլից սկսած սկսեց զգայունություն դրսևորել շատ կտրուկ աճերով և տարին ամփոփեցինք երկնիշ ցուցանիշներով։ Նման աճի տեմպեր պահպանվում էին նաև 2023 թվականի առաջին ամիսներին, բայց վերջին ամիսներին որոշակի տեմպի թուլացում ենք նկատում։ Բազային էֆեկտից բացի շատ կարևոր գործոն է այն հիմնական ուղղություններում գրանցված զարգացումները, որոնք ի սկզբանե ապահովել էին նման բարձր աճեր։ Խոսքը վերաբերում է առևտրի, ծառայությունների, շինարարությունների ոլորտներին»,- ասաց Ամիրխանյանը։
Փորձագետի կարծիքով՝ տեմպի արագացման թուլացումը պայմանավորված է անվտանգային խնդիրներով։
«Վերջին ամփոփ տվյալները երբ նայում ենք, տեմպի արագացման թուլացում նկատում ենք ծառայությունների ոլորտում, չնչին նաև շինարարության ոլորտում և առևտրի ոլորտում։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Առաջին հերթին առավելապես Արցախի հանրապետության շուրջ տեղի ունեցող զարգացումներով։ Եթե ընդհանրական բանաձևենք, պայմանավորված է անվտանգային խնդիրներով։ Արտաքին գործոնները, դրսից եկած դրամական հոսքերը էականորեն թուլացել են, այսինքն այդ գործոնները նվազել են և դա ուղղակիորեն ազդեցություն է ունեցել»,- եզրափակեց Ամիրխանյանը։