Տնտեսությունն այժմ որոշիչ դրդապատճառ է քաղաքականության համար. Արթուր Աթաև

08 Փետրվարի 2024, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի հայտարարությունն այն մասին, որ Երևանին Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությունը ձեռնտու է, և դրանից հրաժարվելը կհակասի երկրի շահերին:

Փորձագետի կարծիքով՝ ՀՀ-ի տնտեսության աճը Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների ցուցանիշն է։

«Ցավոք, կամ բարեբախտաբար, բայց տնտեսությունը որոշիչ շարժառիթ է այժմ քաղաքականության մեջ: ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն և հետխորհրդային տարածքի այլ ինտեգրող կազմակերպությունները դրական երևույթ են Հայաստանի ներուժի տնտեսական զարգացման առումով։ Ուստի, եթե քաղաքական իշխանությունը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, կողմնորոշվում է տնտեսական աճի բազային ցուցանիշներով, ապա, իհարկե, Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանում բավականին լավ, բարձր մակարդակի վրա է։ Հայաստանի տնտեսության աճը դրա վառ ցուցանիշն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ բարձր մակարդակով մի շարք գագաթնաժողովներին անմիջականորեն չմասնակցելու քաղաքական բաղադրիչին, ապա դա արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է։

Նախկինում կար քաղաքականություն, որը Հայաստանին բնորոշում էր որպես ռազմավարական և քաղաքական դաշնակից, իսկ հիմա՝ տնտեսական գործընկեր։ Հիմա բանաձևը փոխվում է», — եզրափակել է Աթաևը։