Տորոնտոյի երիտասարդները արգելել են ՀՀ դեսպանի մուտքը Տորոնտոյի հայ կենտրոն
16 Հոկտեմբերի 2023, 11:20
Հոկտեմբերի 15-ին Հայաստան Համահայկական Հիմնադրամի Տորոնտոյի վարչության հանգանակային ճաշկերույթին պատգամախոս հրավիրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի մուտքը Տորոնտոյի հայկական կենտրոն արգելվել է, երբ երիտասարդները փակել են կենտրոնի մայր դուռը: Նրանք պաստառներ են պարզել, որոնց վրա պատկերված են եղել տեղահանության, սովամահի, նահատակության և Հայաստան մուտքի իրավունքից զրկված երիտասարդների նկարներ: Այս մասին հաղորդում է AYF Canada “Simon Zavarian” Chapter ֆեյսբուքյան էջը:
«Մենք տիկին Հարությունյանի անձի դեմ ոչ մի խնդիր չունենք, բայց նա ներկայացնում է այսօրվա իշխանությունը, որ Արցախը հանձնեց, 5000 և ավելի երիտասարդի նահատակության պատճառ դարձավ, 120.000 արցախահայերի տեղահանության մեղսակից է, և սփյուռքահայ երիտասարդ մեր ընկերների՝ Հայաստան մուտքը արգելում է։ Ուրեմն, դավաճան իշխանությունները և իրենց պաշտոնյաների մուտքը այս կենտրոն թույլատրելի չէ: Այս կենտրոնը նահատակ է տվել այն հողին, որ իրենք հանձնեցին թուրքին»,- ասել են երիտասարդները:
Նրանք բացատրել են, որ հարմար չեն գտնում դեսպանի ներկայությունը Հայ կենտրոն այնպես, ինչպես իր ներկայացրած իշխանությունն է արգելում հայ երիտասարդների մուտքը հայրենիք: