«Tortoise» խումբը նոր երգ է թողարկել՝ նվիրված աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին

14 Ապրիլի 2025, 22:00

Հայեր

Ամերիկյան «Tortoise» խումբը թողարկել է նոր երգ՝ «Oganesson», որը նվիրված է աշխարհահռչակ հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանին։ Գիտնականն այսօր դառնում է 92 տարեկան։

Սոցիալական ցանցերի իրենց էջերում երաժիշտները միացել են շնորհավորանքներին։

«Շնորհավորում ենք Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին՝ Միջուկային հետազոտությունների միջազգային միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, «սառը» և «տաք» սինթեզի մեթոդների ստեղծողին, Oganesson-ի (Og)՝ Մենդելեևի աղյուսակի ամենածանր տարրի (ատոմային համար 118) հայտնաբերողին: Մաղթում ենք պրոֆեսորին երկար տարիներ և նոր բացահայտումներ: Այսօր տոնելու ենք «Tortoise» խմբի նոր սինգլի ներքո և շնորհակալություն ենք հայտնելու աստվածներին գիտության համար»,- նշել են երաժիշտները։

Հիշեցնենք, որ համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի անունով է կոչվել պարբերական աղյուսակի 118-րդ տարրը՝ Oganesson (Оg): Նա դարձել է առաջին ռուսաստանաբնակ գիտնականը, որի անունով իր կյանքի ընթացքում կոչվել է քիմիական տարր։ Այսօր այն պարբերական համակարգի ամենածանր և վերջին քիմիական տարրն է:

Գիտնականը դարձել է նաև Մենդելեևի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի առաջին դափնեկիրը: Նա նաև հիմնել է «Oganesson» մրցանակն՝ ի աջակցություն գիտնականների և գիտությունը մասսայականացնողների։