Մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի ժառանգները կմասնակցեն Տուլայում անցկացվող համաժողովին

23 Մայիսի 2025, 00:20

Մշակույթ

Մայիսի 23-ին Տուլա քաղաքում տեղի կունենա «Տարբեր ճակատագրեր. հաղթանակը մեկն է» խորագրով համաժողովը։ Մեծ կարևորություն տալով մեր հերոսական անցյալի պատմական հիշողության պահպանմանը՝ Ռուսաստանի հայերի միությունը և Ռուսաստանի հայերի Դաշնային Ազգային-մշակութային ինքնավարությունը, Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի հետ համատեղ, 2015 թվականից ի վեր անցկացնում են «Տարբեր ճակատագրեր. հաղթանակը մեկն է» խորագրով համաժողովը՝ նվիրված բազմազգ խորհրդային ժողովրդի հերոսական սխրանքին և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին:

Միջոցառումն անցկացվում է ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի և ազգությունների հարցերով դաշնային գործակալության աջակցությամբ: Այս տարի, Մեծ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, այս նախագծի շրջանակներում նախատեսվում է մի շարք միջոցառումներ անցկացնել Մոսկվայում, Օմսկում, Սոչիում, Սուխումում և Տուլայում:

«Տարբեր ճակատագրեր. հաղթանակը մեկն է» համաժողովի ծրագիրը բաղկացած է կլոր սեղանից, համերգային ծրագրից, թատերական ներկայացումից, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձաններին ծաղիկներ դնելուց:

Միջոցառումներին կմասնակցեն Խորհրդային Միության լեգենդար մարշալներ Կոնևի, Բաղրամյանի, Ռոկոսովսկու, Գովորովի, Չույկովի, Ուստինովի, Սոկոլովսկու, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Բաբաջանյանի երեխաներին ու թոռներին միավորող Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի վարչության անդամները: