Թումոն Արցախում շարունակում է գործունեությունը՝ ծրագրելով նոր նախագծեր
13 Հունիսի 2023, 12:12
Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստվում է նոր ծրագրերի իրագործմանը, որի շրջանակներում ուսանողները էլ ավելի հետաքրքիր ու կրեատիվ նախագծերի են տիրապետելու:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թումոյի արցախյան գրասենյակի ղեկավար՝ Խաչատուր Հայրապետյանն տեղեկացրել է, որ հուլիսին կկազմակերպվեն աշխատարաններ և հատուկ նախագծեր, որոնց ընթացքում ուսանողները կսովորեն ստեղծել նվագող ռոբոտ:
Անդրադառնալով շրջափակման հետևանքով առկա խնդիրներին Թումոյի արցախյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ տրանսպորտային վառելիքի սղության պատճառով Հանրապետության շրջաններից սովորողները դժվարություններ ունեն մայրաքաղաք հասնելու և զրկված են դասընթացներին մասնակցելու հնարավորությունից։
«Ծագած մի շարք խնդիրները կարողանում ենք լուծել տեխնոլոգիաների միջոցով՝ դասերը կազմակերպելով առցանց: Հովհարային անջատումները ևս խոչընդոտներ են հարուցում»,- մանրամասնում է Խաչատուր Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ շրջափակման ընթացքում Թումո դպրոց հաճախողների թվի աճ է նկատվել։
«Վաղուհասը, Շահմասուրը, Խրամորթը, Սպիտակաշենը, Նորշենն այն համայնքներն են, որտեղից ուսանողներ գրանցվեցին հենց շրջափակման ընթացքում»,-նշել է Խ․Հայրապետյանը՝ հավելելով, որ Գետավան և Կարմիր Շուկա համայնքներում նախատեսվում են նոր Թումո տուփեր տեղադրելու ծրագրեր, որոնք կընթացքավորվեն տրանսպորտային և անհրաժեշտ այլ միջոցների առկայության դեպքում :