Տուն եմ վերադառնում հպարտության զգացումով. Կարեն Խաչանով

07 Հունիսի 2023, 21:30

Սպորտ

Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է մասնակցությունը Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Հայ թենիսիստը քառորդ եզրափակիչում պարտվել էր աշխարհի երրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչին։ Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում կվերադառնա լավագույն տասնյակ, հայտնում է sport.news.am-ը։

«Ոչ մի ափսոսանք չկա, եւս մեկ լավ մրցելույթ ունեցա «Մեծ սաղավարտի» մրցաշարում, շատ լավ փորձ էր։ Մի քանի տարի ասում էի, որ նպատակս լավագույն տասնյակ վերադառնալն է։ Գլխավոր նպատակ չէ, բայց ամեն դեպքում՝ լավ է, որ հասա այդ նպատակիս։ Տուն եմ վերադառնում հպարտության զգացումով»,- Խաչանովի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Խաչանովը 2019թ․ նոյեմբերից հետո առաջին անգամ կլինի լավագույն տասնյակում։ Պատմության մեջ առաջին անգամ տասնյակում կընդգրկվի երեք ռուսաստանցի․ Խաչանով, Դանիիլ Մեդվեդեւ եւ Անդրեյ Ռուբլյով։