Թուրքական բանակը չի մտնում Արագածոտնի ու Շիրակի մարզ, քանի որ այնտեղ ռուսական զորամիավորումներ կան․ Վարուժան Գեղամյան
13 Հունվարի 2024, 17:31
Այսօր Թուրքիային ոչինչ չի խանգարում ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Ոչինչ չի խանգարում, եթե հայկական գործոնի տեսանկյունից նայենք։ 2020 թվականից հետո և Արցախի հանձնումից հետո հայկական գործոնն, ըստ էության գործոն չէ, և այն չի զսպում Թուրքիային։ Ըստ իս՝ կա երկու հիմնական խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս Թուրքիային դանդաղ քայլելով մտնել Հայաստանի Հանրապետության տարածք։ Առաջին գործոնը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, երկրորդը՝ Ռուսաստանի Դաշնությունը։
Թուրքական բանակը չի մտնում Արագածոտնի ու Շիրակի մարզ, քանի որ դեռևս այնտեղ կան ռուսական զորամիավորումներ։ Թուրքական բանակը լիարժեք չի մտնում Սյունիք, քանի որ կա իրական վտանգ, որ Իրանը կարող է այդ գործընթացին ներգրավվել։ Հետևաբար, եթե նայենք Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններին, ապա կտեսնենք՝ ամեն ինչ արվում է, որ վերոնշյալ գործոնները չլինեն և իրենց ուզած պրոցեսը սկսվի»,- նշել է Գեղամյանը։
Ըստ թուրքագետի՝ դրա վառ վկայությունը 2020 թվականից մինչ այսօր Սյունիքի հարակից բոլոր կարևոր ռազմավարական գոտիներում ստրատեգիական առավելություն ապահովող դիրքերի նվաճումն է։
«Այդ դիրքերի նվաճումը տալու է հնարավորություն Սյունիքի վրա հարձակում գործելու դեպքում ավելի շահեկան դիրքում լինել։ Ալիևը իր հարցազրույցներից մեկում խոսում է այն ռազմական գործողությունների մասին, որոնք իրենք իրականացրել են 2020 թ-ի պատերազմից հետո մինչև 2023-ի սեպտեմբերը։ Այնտեղ հիշատակվում է Փարուխը, հիշատակվում են ևս երկու օպերացիաներ, որոնք ուղղված էին Արցախում ռազմավարական դիրքերի նվաճմանը։ Նա ընդգծում է, որ այդ դիրքերի նվաճումը իրենց թույլ է տվել սեպտեմբերյան հարձակման ժամանակ ունենալ այնպիսի առավելություն, որը թույլ տվեց գործողությունն ավարտել։ Նա նաև ասել է, որ Սյունիքի հարակից գոտիներում՝ Ջերմուկին մոտ, գրավել են ռազմավարական տարածքներ և վերահսկում են ամեն ինչ։ Այս վերահսկողությունը նրա համար է, որ կարողանան անհրաժեշտության դեպքում մտնել Սյունիք կամ Վայոց Ձոր»,- եզրափակել է Գեղամյանը։