Զանգվածային ձերբակալություններ՝ թուրքական մեդիա կայսրության խոշորագույն ընկերություններում

11 Սեպտեմբերի 2025, 14:50

Քաղաքականություն

Թուրքիայում աննախադեպ գործողություն է իրականացվել, որի ընթացքում կալանք է դրվել «Can Holding» մեդիա կայսրության 121 ընկերությունների, այդ թվում՝ «Habertürk», «Show TV» և «Bloomberg HT» մեդիա հսկաների վրա։

Թուրքիայի դատախազությունը վերահսկողություն է հաստատել կոնգլոմերատի նկատմամբ։ Լայնածավալ քրեական հետաքննության շրջանակներում ձերբակալության օրդերներ են տրվել Can Holding-ի 10 առանցքային գործիչների նկատմամբ, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Հոլդինգի բոլոր շենքերում շարունակվում են խուզարկությունները։ Դատախազության պաշտոնական հայտարարության համաձայն՝ հոլդինգի շրջանակներում ստեղծվել է ճյուղային կառույց՝ հանցագործությունները համակարգված կերպով կատարելու համար, որը քողարկվել է օրինական բիզնեսի անվան տակ։ Ընկերություններն օգտագործվել են միլիարդավոր լիրաների անհայտ ծագմամբ բարդ ֆինանսական սխեմաների համար։ Մեղադրանքներում առկա են «հարկերից խուսափում՝ կեղծ փաստաթղթերի և առանց ֆակտուրաների գործարքների միջոցով», «հանցավոր եկամուտների օրինականացում» և այլն։

Ընկերությունների ակտիվները փոխանցվել են Թուրքիայի ավանդների ապահովագրման հիմնադրամի կառավարմանը։