Թուրքական նախապայմանները դարձել են պայմաններ, որոնք կատարվում են. Մհեր Աբրահամյան
26 Սեպտեմբերի 2024, 20:00
Թուրքիան ցանկանում է Հայաստանում մոռացության տալ բոլոր այն գործիքները և գործիքակազմերը, որոնք ուղղված էին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց թուրքագետ Մհեր Աբրահամյանը:
«Էրդողանական նախապայմանները նորություն չեն Հայաստանի իրականության մեջ, սակայն այսօր տեսնում ենք, որ այդ նախապայմանները դարձել են պայմաններ և արդեն իրագործվում են: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանի ելույթին, նշեմ՝ հստակ ընդգծվում էր այն հանգամանքը, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում պետք է լինի միայն այն պայմանները, որը առաջարկում է Թուրքիան: Իսկ նախապայմաններն ամենայն հավանականությամբ վերաբերում են «Զանգեզուրի միջանցք»-ին, ինչը Թուրքիայի դարավոր երազանքն է:
Նրանք ցանկանում են, որ Հայաստանում մոռացվեն բոլոր այն գործիքները և գործիքակազմերը, որոնք ուղղված էին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Այսինքն՝ կա հստակ երկու պայման՝ «Զանգեզուրի միջանցք»-ը, ինչը նշանակում է սահմանների հստակեցում, և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մոռացության տալը»,- նշեց Աբրահամյանը:
Թուրքագետն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի այցը «Թուրքական տուն» դիվանագիտական առումով ողբերգություն է:
«Թուրքերը «Թուրքական տուն» կանչում են տարբեր պաշտոնյաների այն պարագայում, երբ այդ պաշտոնյան ինքն է դիմում հանդիպելու Թուրքիայի նախագահի կամ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սա վկայում է այն մասին, որ այնտեղ այցելելու և Էրդողանի հետ հանդիպելու միտքը եղել է Փաշինյանինը: Նա է գնացել, և թուրքերն էլ հանդիպումը նշանակել են հենց այնտեղ: Բացի այդ, Էրդողանը իր հյուրերին միշտ դիմավորում է մուտքի մոտ, բայց այս անգամ նա կանգնած էր սենյակում և Փաշինյանն էր մոտենում, և սա ևս խախտում էր, որին մեր կառավարական շրջանակները այդպես էլ ուշադրություն չդարձրին կամ չցանկացան դարձնել: Իհարկե այստեղ գալը սխալ էր, քանի որ սա համարվում էր նվաստացուցիչ մի քայլ Հայաստանի համար, համենայնդեպս Էրդողանը երբեք չէր գնա հայկական օջախ թեկուզ Սփյուռքում: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանի այցը «Թուրքական տուն» դիվանագիտական առումով ողբերգություն է»,- եզրափակեց Աբրահամյանը: