Թուրքերի նկատմամբ չի կարելի բարեգութ լինել, նրանք դա ընկալում են որպես թուլություն․ Գրիգոր Բալասանյան

31 Հունվարի 2025, 22:56

Քաղաքականություն

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Նախիջևան բեռնափոխադրումների համար Երևանը պատրաստ է Բաքվին երկաթուղային հաղորդակցություններ տրամադրել:

«Մենք առաջարկել ենք, որ Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ երկաթուղային բեռնափոխադրումներ լինեն Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, քանի որ Ադրբեջանի հետ երկաթուղու մնացած հատվածների (նկատի ունեմ Տավուշի) վերականգնումը մեծ ներդրումներ է պահանջում։ Բայց նույն սկզբունքով՝ Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի»,- ասել է նա և հավելել, որ հույս ունի՝ Բաքուն կընդունի այդ առաջարկը։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ։

«Քողարկված նոյեմբերի 9-ի պայմանագրի իրականացումն է սկսվում։ Ակնհայտ է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը սկսվում է երկաթգծով։ Մնում է հասկանալ, թե այդ երկաթգիծն ինչ պայմաններում է աշխատելու ու արդյոք սրա նկատմամբ Հայաստանն ունենալու է իրավազորություն, թե սա այն է, ինչ թուրք-ադրբեջանական տանդեմն է առաջարկում։

Սա ուղիղ սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, քանզի Ալիևն իր խոսքում նշում է, որ Զանգեզուրը կապ չունի Հայաստանի հետ։ Այսինքն, ասում է՝ «Հայաստանի տարածքային ամբողջականության հետ մենք խնդիր չունենք, բայց չենք մոռանում Զանգեզուրը»։ Այսինքն՝ Զանգեզուրը Հայաստանինը չէ։ Շատ կուզեի, որ մենք մի փոքր այլ իրավիճակում լինեինք ու Ալիևին մի քիչ ավելի կոշտ պատասխանողներ լինեին Հայաստանից»,- ասել է միջազգայնագետը։

Մեր զրուցակիցն այս ամենը որակում է որպես վտանգավոր խաղ ու զգուշացնում՝ թուրքի հետ խաղաղությունից խոսել հնարավոր չէ։

«Սա շատ վտանգավոր խաղ է։ Թուրքերի հետ չի կարելի խաղաղությունից խոսել։ Թուրքերի նկատմամբ չի կարելի բարեգութ լինել, որովհետև նրանք դա ընկալում են որպես թուլություն, որպես պարտվածի հոգեբանություն, իսկ պարտվածից ուզում են ստանալ առավելագույնը, ինչ իրենք ցանկանում են։ Խաղաղություն բոլորն են ուզում, բայց ոչ այս գնով»,- եզրափակել է Գրիգոր Բալասանյանը։