Թուրքիան Արցախում փորձեց ավարտին հասցնել 1915-ին սկսածը․ Հենրի Թերիո

Արցախում կատարվածը դեռ 1894 թվականի սկսված ցեղասպանական ընդհանուր գործընթացի մի մասն էր։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ցեղասպանագետ Հենրի Թերիոն։

«Խորապես համոզված եմ, որ Արցախում կատարվածը դեռ 1894-ից սկսված ցեղասպանական ընդհանուր գործընթացի մի մաս էր: Սկսում եմ 1894-96 թվականի կոտորածներից, որովհետև դրանք նույնպես Հայոց ցեղասպանության մաս էին, այդ կոտորածներով փորձեցին լռեցնել հայերին, որոնք գլուխ էին բարձրացրել իրենց հիմնարար իրավունքների համար: Պետք է ընդգծել, որ այդ ժամանակ հայերը պահանջում էին իրավունքներ, ոչ թե դուրս էին եկել Օսմանյան կայսրության դեմ՝ անկախության պահանջով:

Մինչև 1915-ը եղան այլ կոտորածներ և բռնություններ, այնուհետև եղավ 1915-ի բուն բնաջնջումը: Եվ պարզ ու հստակ է, որ Թուրքիան չի ճանաչում հայերի ցեղասպանությունը, ինչի հետևանքով առաջին հերթին Թուրքիայի հասարակության ներսում ընկալումների ուղղությամբ ծանր աշխատանքի անհրաժեշտություն կա: Սա ամենաբարդն է լինելու: Պետք է նաև ընդունել և խոսել այն մասին, որ 1900-ականների սկզբին ձևավորված Ադրբեջանը ևս մասնակցել է հայերի հալածանքներին և Ադրբեջանի համար գերկարևոր էր հնարավորինս նվազեցնել հայերի թիվը ինչպես Արցախում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում ընդհանրապես»,- նկատել է ցեղասպանագետը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակն է ջնջել հայկական հետքը Հարավային Կովկասից ընդհանրապես, և հիմա հայերի համար լրջագույն պահ է:

«Ցեղասպանության կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկը ցեղասպանի ձեռքից զենքը վերցնելն է: Վերջին քսան տարիներին Միացյալ Նահանգներն Ադրբեջանին տրամադրել է մոտավորապես 200 միլիոն դոլարի զինատեսակներ, և շատ ավելի մեծ ծավալով՝ Թուրքիային: Եթե Միացյալ Նահանգները կարողանար հասկացնել այս երկրներին, որ կդադարեցնի ռազմական մատակարարումները, եթե լինի ագրեսիա, այդ լծակը կգործեր:

Որովհետև գիտենք, որ Թուրքիան և Ադրբեջանն իրենց ագրեսիվ քաղաքականության պատճառով շատ թշնամիներ ունեն ու չէին կարող իրենց թույլ տալ հրաժարվել ամերիկյան ռազմական մատակարարումներից: Եթե Վաշինգտոնը վարեր նման քաղաքականություն, դա կկանխեր Արցախի դեմ 2020-ի և 2023-ի ագրեսիան: Այժմ, կարծում եմ, որ Միացյալ Նահանգներն ունի պարտավորություններ՝ պատասխանատվության ենթարկելու պատերազմի բոլոր հանցագործներին՝ սկսած Ալիևից, աջակցելու Արցախից բռնագաղթած հայերին, բայց որ ամենակարևորն է՝ աջակցելու, որ նրանք անվտանգ վերադառնան իրենց հայրենիք»,- ընդգծել է Հենրի Թերիոն։

Նա մի բանում համոզված է՝ բանակցություններ չպետք է վարել Փաշինյանի նման՝ միայն զիջելով։

«Միամտություն է կարծելը, թե կարող ես բանակցել, ինչպես դա անում է Փաշինյանի ռեժիմը` զիջելով, զիջելով: Միակ լծակը, որ Հայաստանն ունի հիմա՝ հարցի բարոյական օրակարգն է: Հայաստանը պետք է սա դարձնի կարմիր թել միջազգայինբոլոր դատարաններում, միջազգային քաղաքական բոլոր հարթակներում, ակադեմիական շրջանակներում՝ ներկայացնելով, թե ինչպես են այսօրվա խնդիրները բխում մեկ դար առաջ իրագործված ցեղասպանությունից: Գիտեմ, որ սա հավանաբար ցինիկ է հնչում, ես բոլորովին մտադրություն չունեմ վիրավորել Ցեղասպանության զոհերի հիշատակը, սակայն սա Հայաստանի փրկության, գոյության միակ ուղին կարող է լինել: Բոլոր բանակցությունները պետք է ելնեն հայ ժողովրդի բարոյական այս լծակից: Մինչդեռ սրա փոխա

են Փաշինյանի ռեժիմն անում է ճիշտ հակառակը: Ես սա չեմ հասկանում, որովհետև ֆինանսական, քաղաքական, իրավական ուղղություններով այս լծակը գործադրելը Հայաստանին կարող է բերել ավելի շատ օգուտներ։ Սա է հուշում պարզագույն բանակցային տրամաբանությունը։ Ես չեմ հասկանում այսօր ընթացող բանակցություններում Հայաստանի դիրքորոշման տրամաբանությունը»,- նշել է մեր զրուցակիցը։

Նա վստահ է՝ եթե Հայաստանը միամիտ ակնկալիքներ ունենա Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից, Չինաստանից, Ռուսաստանից, Իրանից, հիասթափվելու է։

Հիմա եթերում