Թուրքիան չեղարկել է իր օդային տարածքով դեպի Եվրոպա ավիաընկերության թռիչքների իրականացումը
06 Մայիսի 2023, 10:57
«Թուրքիան իր օդային սահմանը փակել է հայկական ավիաընկերությունների այն ինքնաթիռների համար, որոնք թռիչքներ են իրականացնում երրորդ երկրներ»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Շաբաթ օրը երեկոյան Flyone Armenia ավիաընկերությունը հայտնել էր, որ Թուրքիան, առանց նախնական զգուշացման, չեղարկել է իր օդային տարածքով դեպի Եվրոպա ավիաընկերության թռիչքների իրականացումը։
Այդ պատճառով Փարիզ-Երևան թռիչքն իրականացնող ինքնաթիռը, հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնևի օդակայանում։
Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռները մուտք կգործեն Թուրքիայի օդային տարածք, սակայն, ըստ Չավուշօղլուի, եթե սադրանքները չդադարեն, այլ միջոցներ կկիրառվեն:
Սադրանքներ ասելով՝ Չավուշօղլուն ակնարկում է Երևանի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանի բացումը։ Արձանը հավերժացնում է Հայոց ցեղասպանության պարագլուխներից և 1918 թվականի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
Չավուշօղլուի խոսքով՝ հարաբերությունների կարգավորման մեկնարկին Անկարան ու Երևանը նախապայմաններ առաջ չեն քաշել Հայոց ցեղասպանության ճանաչման կամ ժխտման մասով:
«Մենք չենք ընդունի այդ հուշարձանի տեղադրումը, որը խորհրդանշում է ահաբեկիչների, որոնց ձեռքով զոհվել են մեր դիվանագետները, ինչպես նաև ադրբեջանցիներ։ Չեմ ընդունում հաջորդող բացատրությունները, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Միևնույն ժամանակ Անկարան բացառության կարգով թույլ կտա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին մայիսի 4-5-ը ժամանել Անկարա և մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական ասամբլեայի նիստին: