«Թուրքիան չի բացելու սահմանը, ՀՀ-ն չունի այն շուկան, որի համար «կռիվ» կտան». «2026. ի՞նչ է լինելու»

07 Հունվարի 2026, 20:00

Քաղաքականություն

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը կարծում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու ցանկություն և նպատակ չունի, բայց փորձելու է առավելագույնը ստանալ Հայաստանից: Ընդ որում՝ ոչ միայն իր, այլև Բաքվի համար:

«Թուրքադրբեջանական տանդեմը հետաքրքիր խաղ է սկսել. Ադրբեջանից ասում են՝ մենք խաղաղության պայմանագիր կկնքենք, երբ դուք Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորեք, Թուրքիան էլ ասում է՝ մենք կբացենք ձեզ հետ սահմանը, եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեք: Սա փակ տեղապտույտ է, որի մեջ գցել են Հայաստանին ու ցավալին այն է, որ մենք մեր ոտքով ենք ընկել այդ տեղապտույտի մեջ: Ո՞վ էր մեզ խնդրում հայտարարել հայ-թուրքական հաշտեցման գործընթաց սկսելու մասին: Թուրքիան ո՛չ Հայաստանի քաղաքացիների, ո՛չ էլ երրորդ երկրների համար չի բացելու իր սահմանը, քանի որ իր համար դա հետաքրքիր չէ: Հետաքրքիր չէ նաև տնտեսական առումով, որովհետև Հայաստանի շուկան այն շուկան չէ, որի համար թուրքերը «կռիվ» տան»,- Alpha News-ի՝ «2026. ի՞նչ է լինելու» նախագծի շրջանակում ասել է Գրիգոր Բալասանյանը: