Թուրքիան հասել է Ասադին տապալելու իր նպատակներին. Գեորգի Ասատրյան

24 Դեկտեմբերի 2024, 21:30

Քաղաքականություն

Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի գիտաշխատող, «Միջազգային գործերի ռուսական խորհրդի» փորձագետ Գեորգի Ասատրյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ ճակատագիր է սպասվում Սիրիային, Անկարայի գործոնը սիրիական հարցում, Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հավանականությունը, ինչպես նաև, թե Սիրիայում Թուրքիայի հաջողությունն ինչպես կանդրադառնա Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:

Փորձագետի կարծիքով՝ իշխանության եկած իսլամիստները կփորձեն լիակատար վերահսկողություն հաստատել Սիրիայի ողջ տարածքում և իրականացնել երկրի իսլամացում:

«Երբ իշխանության են գալիս իսլամական կուսակցությունները, արմատական իսլամիստական խմբերը, իրավիճակը պարտադիր չէ, որ հանգեցնի քաոսի և քաղաքացիական պատերազմի։ Պատմության մեջ կան հաջող իսլամական հեղափոխությունների օրինակներ, որոնցից հետո ռեժիմը ենթարկվում է ինչ-որ վերափոխումների, և, սկզբունքորեն, նրան հաջողվում է տարածքի վրա բավականին արդյունավետ ֆունկցիոնալ վերահսկողություն հաստատել: Նման օրինակներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որը մինչ օրս արդյունավետ գոյություն ունի։ Մեկ այլ օրինակ է ներկայիս Աֆղանստանը՝ Թալիբանի վերամարմնավորման մեջ: Ռեժիմ, որը վերափոխվել է և արդեն ավելի ռացիոնալ կերպով փորձում է կառավարել Աֆղանստանը՝ իր վերահսկողությունը հաստատելով Աֆղանստանի ամբողջ տարածքի վրա:

Սիրիայում իրավիճակը որոշակի նրբություններ ունի, իհարկե, ցանկացած իրավիճակ եզակի է։ Բայց ես կարծում եմ, որ այդ ռեժիմը նույնպես կվերափոխվի՝ փորձելով ամուր վերահսկողություն հաստատել Սիրիայի ողջ տարածքում։ Շատ դեպքերում կա հավանականություն, որ նրանց կհաջողվի դա անել, քանի որ նրանք ունեն աջակցություն, առաջին հերթին Թուրքիայի և այլ խաղացողների կողմից։ Սիրիայի ժողովուրդը հոգնել է պատերազմից, քաղաքացիական պատերազմի նոր փուլի էներգիան այնտեղ չի բավականացնի։

Սիրիային իսլամացում է սպասում։ Իսլամացումը կարող է լինել ոչ այնքան խորը, որը տեղի է ունեցել Աֆղանստանում կամ այլ երկրներում, բայց ռեժիմը իսլամացվելու է, այնտեղ լինելու է քաղաքական իսլամ», — ասաց Ասատրյանը։

«Այս արմատական ընդդիմությունը, որն այսօր եկել է իշխանության, փաստացի անվերահսկելիորեն կառավարել էր Սիրիայի բավականին լուրջ տարածքները և նահանգները։ Եվ այնտեղ իշխանությունը ոչ թե Ասադինն էր (Սիրիայի նախկին նախագահ), այլ ընդդիմադիր խմբերի կոնսորցիումի իշխանությունը, որը, սկզբունքորեն, այնտեղ բավական լուրջ աջակցության էր հանդիպում։ Եվ, հետևաբար, դրանից մենք եզրակացնում ենք, որ բնակչության լայն շերտերն այդ նահանգներում ընդունում են այն կարգերը, որոնք թելադրում է այս ընդդիմությունը, որն այժմ իշխանության է Սիրիայի ողջ տարածքում։

Ինչ վերաբերում է Սիրիայի աշխարհիկ հատվածին, այն նահանգներին, որոնք եղել են Ասադի իշխանության ներքո, ապա նրանք չեն դիմադրի, նրանք դիմադրելու ուժ չունեն։ Նրանց պարտադրվելու է նոր սոցիալական կարգ, որը գերիշխելու է Սիրիայում», — նշել է Ասատրյանը։