Թուրքիան հայ-ադրբեջանական ուղու վրա կողմնակալ միջնորդ է, քանի որ հանդես է գալիս Ադրբեջանի կողմից․ Դմիտրի Ռոդիոնով
24 Սեպտեմբերի 2024, 13:00
Alpha News-ի ուղիղ եթերում ռուս քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովը մեկնաբանել է իրավիճակը Հարավային Կովկասում և Թուրքիայի նախագահ, «խաղաղարար» Էրդողանի նպատակները:
«Պետք է հասկանալ, որ Էրդողանը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Բաքվի և Երևանի միջև գլխավոր միջնորդի դիրքերից և խաղալ խաղաղապահի դեր, որը կարող է ինչ-որ արդյունքի հասնել։ Հնարավոր է, որ խոսքը կարող է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, որի մասին վաղուց է խոսվում։ Ես չեմ կարծում, որ Էրդողանը հավատում է, թե իրեն կհաջողվի, բայց այսպես թե այնպես նա հիմա միաժամանակ փորձում է «խաղաղարար» խաղալ։ Նա նաև նախատեսում է հանդիպել Զելենսկու հետ ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակներում, և այսօր նույնիսկ հայտարարել է, որ իրենք մոտ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրերի կնքմանը, բայց որոշ լոբբիներ, իբր, խափանել են այն»,- նշել է քաղաքագետը։
Դմիտրի Ռոդիոնովի խոսքով՝ կարևոր է նաև այն, որ եթե Էրդողանի «խաղաղարար» խաղը միաժամանակ մի քանի խաղատախտակների վրա հաջողվի, ապա նա դա կհամարի որպես հսկայական հաջողություն։
«Ռուսաստանը նույնպես կողմ է, որ լինի խաղաղ գործընթաց, որը վաղ թե ուշ ինչ-որ արդյունքի կբերի։ Բայց, իհարկե, Ռուսաստանը կցանկանար, որ այդ արդյունքը ձեռք բերվեր առաջին հերթին իր մասնակցությամբ։ Իսկ եթե դրան հասնի Էրդողանը, ապա հասկանալի է, որ նա կփորձի այդ հաջողությունը շրջել իր օգտին։ Կրկին, եթե մենք խոսում ենք հայ-ադրբեջանական կարգավորման մասին, ապա պետք է հասկանալ, թե որն է Էրդողանի նպատակն այս ամենի մեջ: Հասկանալի է, որ իրեն խաղաղապահի դերում դնելը, դափնիներ և քաղաքական միավորներ ստանալը, իհարկե, շատ լավ է, բայց նրա գլխավոր նպատակը տարածաշրջանում դեպի Կասպից ծով միջանցքներ ճեղքելն է։ Եվ այստեղ կրկին վերադառնում ենք Սյունիքի «Զանգեզուրի միջանցքի» թեմային և որքանով է այն իրականում ձեռնտու Ռուսաստանին։ Հարցը բավականին վիճելի է, քանի որ Թուրքիային և Ադրբեջանին այն ձեռնտու է, ինչը միանգամայն անժխտելի է։
Իսկ ահա, օրինակ, Ռուսաստանն ու Իրանը կարող են որոշակի հարցեր ունենալ, թե որքանով է դա իրենց ձեռնտու։ Որովհետև եթե Էրդողանը ելք է ստանում դեպի Կասպից ծով, ապա ելք է ստանում դեպի Միջին Ասիայի երկրներ, որտեղ համապատասխանաբար կմեծացնի իր ազդեցությունը, իսկ Ռուսաստանի ազդեցությունը կնվազի։ Կենտրոնական Ասիայի երկրները նույնիսկ երկու աթոռի վրա չեն նստում, նրանք նստում են չորս աթոռի վրա։ Այնտեղ դեռ Չինաստանի և անգլոսաքսերի ազդեցությունն է, և Թուրքիան չի կարողանա դուրս մղել Չինաստանին և անգլոսաքսերին, իսկ ահա Ռուսաստանի դիրքերը հետ մղելը շատ ավելի հեշտ կլինի։ Դրա համար էլ մենք առանձնապես շահագրգռված չենք, որ նա այնտեղ հասնի, իսկ սահմանի բացման և հայ-ադրբեջանական հակամարտության ամբողջական կարգավորման դեպքում դա անխուսափելի է, դրա համար էլ այստեղ կան և՛ պլյուսներ, բայց կան նաև մինուսներ։
Թուրքիային չի կարելի անվանել օբյեկտիվ միջնորդ հայ-ադրբեջանական ուղու վրա, քանի որ նա միանշանակ հանդես է գալիս Ադրբեջանի կողմից։ Այդ պատճառով, իհարկե, պետք է հասկանալ, որ Թուրքիան երբեք չի լինի ազնիվ դատավոր, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ նա ամեն դեպքում ներկա կլինի տարածաշրջանում, դրանից փախուստ չկա և պետք է նրա կարծիքի հետ հաշվի նստել», — նշել է քաղաքագետը։