Թուրքիան հայ հասարակությանը համոզում է՝ իշխանափոխության դեպքում կլինի պատերազմ. Արա Պողոսյան

13 Դեկտեմբերի 2024, 21:45

Քաղաքականություն

Նախօրեին ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ Արարատի մարզի՝ հայ- թուրքական սահմանին գտնվող Ռանչպար գյուղում փորձ են արել հատել սահմանը: Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Արա Պոսոսյանի հետ:

«Հստակ տեղեկատվություն չկա՝ սահմանը հատվել է, թե ոչ: Եթե հատվել է, ում կողմից, ինչ նպատակներով: Սա Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության թիվ մեկ խնդիրը պետք է լիներ այս պահին: Ցավոք սրտի, հաղորդագրությունը չափազանց երկիմաստ է և հստակ վերլուծության համար բավարար չափով նյութ չի տրամադրում: Գիտենք, որ Հայաստանի, մասնավորապես՝ հայ-թուրքական սահմանին տարբեր տարիներին այսպիսի հատման փորձեր եղել են:

Ընդ որում, հատման փորձերը հաճախ կապված են եղել Թուրքիայում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների հետ, մասնավորապես՝ հիմնականում քրդերն են հատել հայ-թուրքական սահմանը: Այս դեպքում խոսքը նպատակադրված հատման մասին է»,- ասել է քաղաքագետը:

Նա այն համոզմունքն ունի, որ Թուրքիան ու Ադրբեջանը հայ հասարակությանը համոզում են՝ իշխանափոխության դեպքում կլինի պատերազմ:

«Ադրբեջանն այս պահին ակտիվորեն շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսել, իսկ թուրքական կողմը շարունակում է մինչև Նախիջևանի սահմանը ճանապարհ կառուցել։ Եթե շարունակվում է ճանապարհահատվածի կառուցումը, առնվազն կա սցենար: Թե Ադրբեջանը, թե Թուրքիան իրենց համար ռազմավարական են համարում «Զանգեզուրի միջանցքի» բացումը:

Տարածաշրջանում տեղի է ունեցել թուրքական կշռի մեծացում՝ ի հաշիվ Սիրիայում տեղի ունեցածի: Նշանակում է, որ թուրք-ադրբեջանական այս սցենարը ակտուալ է մնալու, և Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձելու է Հայաստանի վրա ճնշումներ գործադրել և հասնել այս միջանցքի բացմանը: Թուրքիան ու Ադրբեջանը նաև տարբեր հնարքներով հայ հասարակությանը փորձում են համոզել՝ իշխանափոխության դեպքում կլինի պատերազմ»,- եզրափակել է քաղաքագետը: