Թուրքիան ու Ադրբեջանը Սյունիքով միջանցք են ուզում ստանալ եւ մեծացնել ազդեցությունը Սյունիքում. Վարուժան Գեղամյան
21 Սեպտեմբերի 2023, 12:46
Արցախից հետո Թուրքիան ու Ադրբեջանը հավակնություններ ունեն Հայաստանի նկատմամբ: Alpha News-ի եթերում նման համոզմունք է հայտնել թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Եթե մինչ այս պահը Ադրբեջանի կես ուժերն էին կենտրոնացած Սյունիքի ուղղությամբ, ապա հիմա ամբողջ ուժերն են կենտրոնացած լինելու՝թուրքական օրակարգն առաջ մղելու համար: Այս մասին ուղիղ տեքստով ասել են Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի ամենաբարձրագույն ներկայացուցիչները: Այս երկրներրի ղեկավարները տարածքային հավակնություններ ունեն Հայաստանի նկատմամբ, դա բխում է Թուրքիայի տարածաշրջանային հետաքրքրություններից, ինչը ենթադրում է հայկական պետության ոչնչացում»,- ասել է թուրքագետը:
Թուրքիան իր այս նպատակին հասնելու համար ըստ Վարուժան Գեղամյանի՝ փորձելու է ազդությունը մեծացնել Սյունիքում, ինչը նշանակում է ստանալ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո էլ պահանջելու են «անկլավների» վերադարձ:
«Սա նշանակում է, որ Արարատի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերից նոր տարածքներ ենք զիջելու: Բացի այդ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նախապայմաններ են դրվելու, որ Հայաստանի Զինված ուժերը կրճատվեն, իսկ Հայաստանի իշխանությունները դա կձեւակերպի որպես պրոֆեսիոնալ բանակի ստեղծում»,- նշել է թուրքագետը:
Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ Հայաստանի տարածքով միջանցք, մինչդեռ Վարուժան Գեղամյանի համոզմամբ՝ եռակողմ հայտարարությունը ենթադրում է «Զանգեզուրի միջանցքը»:
Հիշեցնենք՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ «տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար»:
«Ուշադրություն դարձրեք, որ Հայաստանը պարտավորվում է ինչ-որ ճանապարհային հանգույց տալ, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Սա արդեն իսկ հուշում է, որ Ադրբեջանը կամ Թուրքիան հերթական անգամ նախապայմաններ են թելադրել Հայաստանին: Այդ կոմունիկացիաները պետք է ունենան հատուկ կարգավիճակ, որոնց անվանում են միջանցք: Սա նշանակում է, որ այդ ճանապարհային հանգույցի անվտանգությունը պետք է վերահսկեն երրորդ կողմի ուժերը, էական չէ, որ հիմա դա լինի Ռուսաստանը, վաղը՝ Մոզամբիկը, իսկ մյուսն օրն էլ կարող է լինել Թուրքիան, երբ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ժամանակը սպառվի, բայց դրանից առաջ մենք տված լինենք ճանապարհը: Ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը դրան են ձգտում, իրենք ուզում են ստանալ հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ, որով այդ պետությունները աստիճանաբար կսկսեն ցամաքային ինտեգրացիան, ինչը նշանակում է, որ Սյունիքում իրենց ազդեցությունը կմեծանա»,- ասել է թուրքագետը: