Թուրքիան պատրաստ է դիմել ցանկացած միջոցի՝ Ցեղասպանության ճանաչումը մերժելու համար․ Եղիսաբեթ Չուլջյան
24 Փետրվարի 2026, 22:30
Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը բացահայտում են նրա ցանցի հետ կապ ունեցող անձանց շրջանակը։ Այդ փաստաթղթերում նշվում են երեք կառավարական գործիչների անուններ, որոնք ուղղակիորեն կապված են Հայ դատի աշխատանքների հետ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը։
«Խոսքը Թուրքիայի նախկին արտգործնախարար և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս դեսպան Թոմ Բարաքի և Ամերիկայի առողջապահության և բժշկական ապահովության կենտրոնի վարիչ, դոկտոր Մեհմեդ Օզի մասին է։ Երբ բացահայտվեց, որ Ահմեդ Դավութօղլուի անունը կա Էփշտեյնի ֆայլերում, նա խոստովանեց, որ 2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ դիմել էր ամերիկացի միլիարդատեր Թոմաս Պրիցկերին՝ խափանելու Հայ դատի հանձնախմբի և ամերիկահայ գաղութի աշխատանքները Վաշինգտոնում, ինչպես նաև արգելելու Ցեղասպանության ճանաչումը»,- նշել է Չուլջյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը ցույց է տալիս, թե ինչ միջոցների կարող է դիմել Թուրքիայի կառավարությունը՝ հայոց ցեղասպանությունը մերժելու համար։
«Փաստ է, որ նախկին արտգործնախարարը պատրաստ է աշխատել անչափահասների սեռական շահագործման և մանկապղծության մեղադրանքով դատապարտված հանցագործի ցանցի հետ՝ շարունակելու հայկական ցեղասպանության մերժումը։ Սա փաստ է և ոչ թե ենթադրություն»,- եզրափակել է Չուլջյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հրապարակել է փաստաթղթերի փաթեթ՝ կապված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետաքննության հետ։ Մասնավորապես, հրապարակվել է ավելի քանի 3 մլն ֆայլ, այդ թվում՝ պատկերներ և տեսանյութեր, որոնք մանրամասն նկարագրում են ամերիկացի ֆինանսիստ և երեխաների նկատմամբ սեռական հանցագործություն կատարած Ջեֆրի Էփշտեյնի և նրա շրջապատի անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների և հայտնիների հանցավոր գործունեությունը։