Թուրքիան Ռուսաստանի բարեկամն ու դաշնակիցը չէ. Ալեքսեյ Լեոնկովը՝ հացահատիկի գործարքի դադարեցման մասին
18 Հուլիսի 2023, 12:00
Ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին մեկնաբանել է հացահատիկի գործարքի չեղարկումն ու դրա ազդեցությունը ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
Նրա խոսքով ՝ հացահատիկի գործարքի ընթացքում Թուրքիան օգուտ էր ստանում, իսկ Ռուսաստանը երկարացնում էր այն՝ Էրդողանին աջակցելու համար։
«Հացահատիկի գործարքի ընթացքում Թուրքիան որոշակի դիվիդենտներ էր ստանում, և նույնիսկ խոսում էին այն մասին, որ Ռուսաստանը երկարաձգել է հացահատիկի գործարքը, որպեսզի աջակցի Էրդողանին։ Կողքից այդպես էր թվում, բայց Ռուսաստանն, առաջին հերթին, իր շահերն էր հետապնդում։ Հացահատիկի գործարքը երեք անգամ երկարաձգելով՝ Ռուսաստանը պահանջում էր փաթեթային ձևով հաշվի առնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք պետք է գործեին՝ ի շահ Ռուսաստանի։ Դա տեղի չունեցավ։ Այդ պատճառով գործարքը փակվում է՝ անկախ նրանից՝ Էրդողանը ցանկանում է դա, թե՞ չի ցանկանում՝ հատկապես այն վերջնագրային հայտարարությունների ֆոնին, որոնք Արևմուտքի երկրները ներկայացնում են Ռուսաստանին: Դա և՛ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է, և՛ Բայդենի գրասենյակը։ Բոլորը գոռում են, պահանջում հացահատիկի գործարքի երկարացում։ Այդ պատճառով հացահատիկի գործարքը չի երկարաձգվի», — ասել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը մեծ ազդեցություն չի ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ «Թե ինչպես դա կանդրադառնա Թուրքիայի հետ հարաբերությունների վրա՞, մեծ հաշվով, ոչ մի կերպ, քանի որ հացահատիկի գործարքը որոշակի պայմաններով գործարք էր, և բոլոր գործարքները չեն կարող անվերջ լինել: Եթե կողմերը պահպանում են գործարքի պայմանները, ապա կնքվում է նոր գործարք, բայց հինը չի երկարաձգվում: Հինն այս պահին չի երկարաձգվում, բայց նորը ևս չկա: Թուրքիային ձեռնտու էին Ռուսաստանի հետ ունեցած մյուս պայմանագրերը։ Դա գազի պայմանագիրն է և «Աքքույու» ատոմակայանի կառուցումը։ Այդ պայմանագրերը Թուրքիայի համար ավելի նշանակալի են, քան հացահատիկի գործարքը», — նշել է Լեոնկովը։
«Իհարկե, Թուրքիան Ռուսաստանի բարեկամը չէ, մենք նրան վերաբերվում ենք որպես մի երկրի, որի հետ երբեմն համընկնում է մեր փոխադարձ հետաքրքրությունը՝ ճանապարհի այս կամ այն հատվածում։ Ուստի, ռուսական ղեկավարությունում հստակ գիտակցում են, որ Թուրքիան, իր բոլոր խորամանկություններով հանդերձ, կանխատեսելի է։ Բայց, երբ նա գնում է ընդդեմ Ռուսաստանի, նա իրականում գնում է դեպի դատարկություն: Բայց, եթե նա ավելի լուրջ քայլեր, լուրջ սադրանքներ է անում, ինչպես եղավ Սու-24 ինքնաթիռի մեր օդաչուների սպանությունը, ապա Ռուսաստանն այդ հարցերին ավելի լուրջ է վերաբերվում։ Իսկ հացահատիկի գործարքը պատմության գիրկն է անցել։ Թե ինչ է այնտեղ ասելու Էրդողանը, կամ ինչ են ասելու Եվրոպայի երկրները, դա ոչ մեկին չի հուզում», — հավելել է փորձագետը։
Մեկնաբանելով «Ազովի» հրամանատարների արտահանձնումը՝ որոնց ժամանակին ազատ էին արձակել Թուրքիայի նախագահի երաշխիքներով, Լեոնկովը նշել է թուրքական ղեկավարության «հուսալիությունը»: Նա հեգնանքով հիշեց հայտնի արտահայտությունը. «Էրդողանն իր խոսքի տերն է. խոսք տվեց, հետո հետ վերցրեց»:
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ «ազովականները», ավելի լավ կլիներ, մնային Թուրքիայում, քան վերադառնային Ուկրաինա և մեկնեին ռազմաճակատ: Նա նաև նշել է, որ «Ազովի» ազատ արձակված հրամանատարները խնդիրներ կստեղծեն Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու համար։ «Այս հրամանատարների հայտնվելը, եթե նրանք չզոհվեն մարտի դաշտում, ապա նրանք մրցակից կլինեն Զելենսկուն, որին հետ է պահում իր նկատմամբ վերջնական հաշվեհարդարից միայն Ուկրաինայի նախագահի պաշտոնը։ Հենց որ նա զրկվի այդ պաշտոնից, նրա կյանքը արագ կավարտվի», — հավելել է նա։