Թուրքիան վախենում է, որ Հայաստանը միջուկային բաղադրիչ ունեցող զենքեր կարտադրի․ թուրքագետ
05 Դեկտեմբերի 2023, 22:30
Հայաստանի ատոմակայանի հետ կապված Թուրքիան դեռ 90-ականներից ունեցել է որոշակի ընդգծված մոտեցում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Հայաստանի ատոմակայանի հետ կապված Թուրքիան դեռ 90-ականներից ունեցել է որոշակի ընդգծված մոտեցում, զգայուն է վերաբերվել այդ խնդրին։ Դա թուրքական պետական քաղաքականություն է, որն այսօր էլ շարունակվում է։ Խնդիրն ունի երկու-երեք ենթատեքստ։ Առաջինը, որ ատոմակայանի գոյությունը Հայաստանը դարձնում է այն երկրներից մեկը, որտեղ կա դե ֆակտո միջուկային պետություն դառնալու հնարավորություն, կամ գոնե ինչ-որ զենքեր ստեղծելու հնարավորություն, որտեղ կարող է լինել միջուկային բաղադրիչ, և դա կարող է Թուրքիայի համար ունենալ սպառնալիքի նշանակություն։
Երկրորդը Հայաստանի էներգետիկ անկախությունն է, և երրորդը՝ անվտանգային խնդիրը, քանի որ Հայաստանի նկատմամբ տոտալ հարձակումները միշտ ենթադրում են, որ այս երկրում կա ատոմակայան, որը բավական մոտ է նաև Թուրքիային։ Սա, իհարկե, ոչ իրատեսական սցենարների մեջ կարող ենք տեղավորել, բայց այնուամենայնիվ թուրքական փորձագիտական դաշտում դա երբեմն քննարկվում է»,- նշել է Մելքոնյանը։
Նրա կարծիքով՝ հիմա Թուրքիայի համար ստեղծվել է բարենպաստ իրավիճակ՝ իրենց նախապայմանները առաջ տանելու համար։
«Հիմա թուրքերի համար ստեղծվել է բարենպաստ իրավիճակ՝ առաջ տանելու իրենց նախապայմանները, ցանկությունները, և ատոմակայանի հետ կապված հարցը չբարձրացնելը առնվազն տարօրինակ կլիներ։ Սա շատ օրինաչափ է թուրքական պետական քաղաքականության տրամաբանության տեսանկյունից, և պետք է գիտակցել, որ սա Հայաստանաի ներքին գործերին միջամտելու բացահայտ փորձ է և այն վերացնելու հերթական քայլ»,- եզրափակեց թուրքագետը։