Թուրքիայի աջակցությունը ցույց է տալիս՝ Փաշինյանի դիրքերը կայուն չեն. Վիգեն Հակոբյան
16 Հունվարի 2026, 22:41
Այն հանգամանքը, որ տարբեր կենտրոններից այսօր բացահայտ աջակցություն է հնչում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, վկայում է ոչ թե նրա դիրքերի ամրության, այլ հակառակը՝ լուրջ վտանգների մասին։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա պնդմամբ՝ Եվրամիության և Թուրքիայի կողմից հնչող աջակցության հայտարարությունները փաստում են, որ Փաշինյանի հեռանկարների հետ կապված «ամեն ինչ նորմալ չէ»։ «Եթե Փաշինյանի դիրքերը ամուր լինեին, ապա նման աջակցության մասին հիմա հայտարարություն չէր լինի… Ստացվում է, որ կա մեծ վտանգ, և այդ վտանգն ինչ-որ չափով փարատելու համար բոլորը պետք է միավորվեն, որպեսզի նրան օգնեն»,- նշել է քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Արևմուտքի «գլոբալիստական թևից» աջակցություն ստանալու հիմնական նախապայմանը Հայաստանում հետևողական ռուսաֆոբական քաղաքականություն վարելն է։ Նա նաև ընդգծել է, որ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների՝ եվրոպացի պաշտոնյաներն ուղղակիորեն մատնանշում են, թե ում դեմ է ուղղված այդ «հիբրիդային պատերազմը»։
Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ քաղտեխնոլոգը նկատել է, որ Փաշինյանը պարբերաբար փորձում է «ռևերանսներ» անել Մոսկվայի ուղղությամբ՝ սեփական քայլերը ներկայացնելով որպես «բարի կամքի» դրսևորում։
«Փաշինյանը պարբերաբար ռևերանսներ է անում, փորձում է ճոճանակը նորից վերադարձնել՝ մեկ Ռուսաստանին լավություններ անելով, մեկ նորից վերադառնալով դեպի իր հիմնական պատվիրատուները»,- հավելել է քաղտեխնոլոգը։
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնի աջակցությունը զուտ քաղաքական չէ, այլ ունի խորը աշխարհաքաղաքական ենթատեքստ, որտեղ ՀՀ վարչապետն ունի սահմանափակ դերակատարում։
Մանրամասները՝ տեսանյութում։