Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի մեջ չեն մտնում հայ ժողովրդի շահերը․ Գլեբ Կուզնեցով

26 Դեկտեմբերի 2023, 14:37

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Գլեբ Կուզնեցովը Alpha News-ի ուղիղ եթերում մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի հնարավոր բացումը, ինչպես նաև խոսել Թուրքիային զսպող գործոնների մասին:

«Թուրքիայի հետ սահմանների բացումն ինձ դեռ շատ ու շատ հեռու է թվում։ Սահմանների բացման և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային առևտրային միջանցքի ապաշրջափակման բուն թեման թուրքերի համար պաշտոնական Երևանի վրա ճնշում գործադրելու ձևերից մեկն է։ Եվ թուրքերը ճնշման այս եղանակից կօգտվեն այնքան ժամանակ, որքան կկարողանան դա անել՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ոչ մի իրական քայլ չձեռնարկելով», — ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ բանն այն է, որ Հայաստանի հետ սահմանին գտնվող Հյուսիսային Թուրքիայի բավականաչափ աղքատ տարածքների համար տնտեսական էֆեկտն այդքան ուժեղ չի լինի։ Եվ ընդհանրապես այդ տարածքների տնտեսական զարգացումը Էրդողանի համար ինչ-որ գերկարևոր ուղղություն չէ։

«Ընդհանուր առմամբ, սա աղքատ և ընկճված տարածք է, որտեղ զբաղվում են գյուղատնտեսությամբ և ռացիոնալ տեսանկյունից անդրսահմանային ապրանքաշրջանառությունն, անշուշտ, կաշխուժանա։ Թուրքական ապրանքների համար ինչ-որ շուկա կհայտնվի, բայց Թուրքիայի տնտեսության համար դա այնքան էլ կարեւոր պատմություն չէ, որպեսզի զոհաբերի իր աշխարհաքաղաքական ինչ-որ շահերն ու սովորությունները։ Իսկ մենք գիտենք, թե Թուրքիան ինչ աշխարհաքաղաքական շահեր ունի, աշխարհաքաղաքական սովորություններ, որոնց մեջ բնավ չեն մտնում հայ ժողովրդի կամ հայկական պետության շահերը։ Այսինքն՝ սա հերթական խաղն է և շանտաժի ձևերը», — ամփոփել է Կուզնեցովը ։

Հիմա եթերում