Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն անընդունելի Է. Եվրախորհրդարանի պատգամավոր
04 Ապրիլի 2025, 21:40
«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ցեղասպանություն, որը Թուրքիան երբեք չի ճանաչել»,- Alpha News-ին ասել է ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյը (Nicolas Bay)՝ խորհրդարանում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հայտարարությունից հետո:
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է արհամարհել հայերին։
«Դա նույն Թուրքիան է, և Էրդողանն այսօր շարունակում է արհամարհել հայերին, իր վասալ Ադրբեջանի հետ միասին, նա շարունակում է հայ ժողովրդին արմատախիլ անելու, հայկական տարածքը բռնակցելու իր քաղաքականությունը՝ փորձելով իրագործել Օսմանյան կայսրության վերականգնման «մեծ նախագիծը»։
Այսօր քրիստոնյա Հայաստանը՝ 2 միլիոն բնակիչ ունեցող այս փոքրիկ երկիրը, խոչընդոտ է Օսմանյան իսլամական այս կայսրության վերականգնման ճանապարհին: Մենք ունենք հայերի հետ համերաշխության, քաղաքակրթական համերաշխության բացարձակ պարտավորություն, քանի որ մեզ միավորում է մեկ քրիստոնեական քաղաքակրթությունը:
Եվ այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, բայց նաև տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից խաղաղության պարտադրվող պայմաններն անընդունելի են, և որ իրականում Բաքուն շատ երեսպաշտ է։ Ալիևի ռեժիմը փոխարենն իրականում ձգտում է ավելի շատ տարածքներ ստանալ Հայաստանից։ Երկու տարի առաջ դաժան հարձակում եղավ Լեռնային Ղարաբաղի վրա, և այսօր Ադրբեջանը ոչ մի լուրջ երաշխիք չի տալիս Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հայերի անվտանգությունը հարգելու համար»,- ասել է ԵԽ պատգամավորը։
Ըստ Նիկոլա Բեյի՝ այստեղ մեծ պատասխանատվություն է կրում Եվրամիությունը։
«Մենք ունենք քաղաքական, տնտեսական, առևտրային համաձայնագրեր Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, Մաքսային միություն Թուրքիայի հետ, որը թույլ է տալիս իրականացնել իր արտաքին առևտրի մեծ մասը եվրոպական մայրցամաքում, ինչը զգալի առավելություն է։ Ունենք գազային պայմանագրեր Ադրբեջանի հետ։ Դա անպայման պետք է պայմանավորված լինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի, նրա տարածքի և նրա ժողովրդի նկատմամբ ունեցած խիստ հարգանքով։ Իսկ այսօր դա այդպես չէ, ուստի մենք պետք է դադարենք միամիտ լինել, պետք է Թուրքիայից և Ադրբեջանից պահանջենք ճանաչել Ցեղասպանությունը և պահանջենք, որ այդ երկու երկրները պատշաճ հարգանքով վերաբերվեն Հայաստանին»,- նշել է ԵԽ պատգամավորը:
Խոսելով այն մասին, թե արդյոք Հայաստանը պետք է հանուն Թուրքիայի հետ հաշտեցման իր քաղաքական օրակարգից հանի Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, նա նշել է.
«Հայ ժողովրդի ցեղասպանությունն անժխտելի պատմական իրողություն է։ Թուրքիայի կողմից այս ցեղասպանության իրողության ճանաչման պայմանը պետք է մնա Հայաստանի պահանջը, քանի որ դրանից հրաժարվելը նշանակում է ընդունել անընդունելին և ճանաչել, որ Թուրքիան շարունակում է արհամարհել հայերին և նրանց, որոնք զոհվել են 1915 թվականի ցեղասպանության ժամանակ»։