Թուրքիայի պայմանը Հայաստանի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն է. Ալեքսանդր Կռիլով
24 Մարտի 2025, 21:40
Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրերը, թե Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա անցակետով։
Փորձագետի կարծիքով՝ շուտով ընտրություններ են, և Փաշինյանի համար կարևոր է ցույց տալ իր որոշ ձեռքբերումները Թուրքիայի հետ հակամարտության խաղաղ կարգավորման առումով։
«Ես այստեղ խորքային աշխարհաքաղաքական ենթատեքստ չէի տեսնի, ինչպիսին է մեր սահմանապահների կամ մեր բազայի դուրսբերումը Հայաստանից։ Այստեղ առաջին շարժառիթը Սիրիայի հայ բնակչությանն աջակցություն ցուցաբերելն է։ Այնուամենայնիվ, այստեղ կա էթնիկ համերաշխություն և հումանիտար բաղադրիչ։
Երկրորդը՝ ցույց տալ, որ մենք աստիճանաբար կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ, և խաղաղ գործընթացն առաջ է ընթանում։ Շուտով ընտրություններ են և Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է ցույց տալ ինչ-որ ձեռքբերումներ, առաջին հերթին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման առումով։ Այն առավելագույնս ցույց կտա այն ձեռքբերումները, որոնք առկա են և կներկայացնի դրանք առավել շահեկան լույսի ներքո»,- ասել է Կռիլովը։
Փորձագետը միաժամանակ նշել է, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման իր պայմաններն ունի։
«Հայաստանը կարող է ուրախանալ՝ բացելով Թուրքիայի հետ սահմանը, բայց Թուրքիան ունի պայմաններ։ Դա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է, դրա պայմանների կատարումը, այսինքն՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Դրան գումարած՝ Թուրքիան հարաբերությունների կարգավորման սեփական պայմաններն ունի։ Դա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն է։
Այս ուղղությամբ ներկայիս ղեկավարությունը շարժվում է, այնպես որ մենք կարող ենք ակնկալել, որ ոչ հեռու ապագայում տեղի կունենան և սահմանադրական բարեփոխումներ, իսկ ցեղասպանության մասին արդեն Նիկոլ Փաշինյանն արտահայտվել է, թե իբր պետք է վերանայել, վերագնահատել այն, ինչ տեղի է ունեցել և ինչու է այդ ամենը տեղի ունեցել։ Բայց եթե վերագնահատեն, պարզ է, որ այն կլինի հօգուտ թուրքական տարբերակի, այլ ոչ թե հօգուտ հայկականի»,- եզրափակել է Կռիլովը։