Թուրքիայի քաղականությունն է՝ որտեղ հնարավոր է բնաջնջել հայերին ու թույլ չտալ, որ նրանք պետություն ունենան․ Արթուր Խաչիկյան
16 Դեկտեմբերի 2023, 00:05
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Alpha News-ի ուղիղ եթերում այն կարծիքն է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը, Արևմուտքի պոչը բռնելով, հանձնեց Արցախը՝ փոխանակ շարժվեր նոյեմբերի 9-ի պայմանագրով․
«Այսպիսի ղեկավարություն ունեցող երկիրը չկարողացավ անգամ ճիշտ ձևով հանձնել Արցախը, որը հանցագործություն էր։ Անգամ եթե այսպիսի քայլի եք գնում, փոխանակ դուք ուղղորդվեիք նոյեմբերի 9-ի պայմանագրով, որով հույս կար ապագայում Արցախի՝ ինչ-որ ստատուս ունենալու, դրա տեղը դուք գնում եք Արևմուտք ու հույսը դնում եք Արևմուտքի վրա, Արցախը ճանաչում եք Ադրբեջանի մաս։ Այսինքն, խայտառակ պարտություն։ Դրանից հետո Արցախը պահելը արդեն շատ դժվար էր։ Երբ դուք այսպիսի զիջում եք անում, փոխադարձ զիջում չեք պահանջում։
Այն ժամանակ էր պետք դա անել, երբ նա գնաց Պրահա, այդ խայտառակ որոշումը ընդունեց։ Այդ ժամանակ էր պետք Ադրբեջանից երաշխիք ստանալ, որ այլևս որևէ պահանջներ չեն լինի։ Նորմալ երկրում, նորմալ բանակցողը, ղեկավարը այդպես կաներ։ Մենք, փաստորեն, ամեն ինչ զիջեցինք, մեր ազգին դավաճանեցինք, կոտրեցինք մեր ազգի ոգին, ունեցանք 120 հազար գաղթական ու Հայոց ցեղասպանության էջը մենք բացեցինք՝ մեր համաձայնությամբ։ Որևէ ժողովրդի պատմության մեջ այսպիսի բան չէր եղել»,- ասել է Խաչիկյանը։
Մեր զրուցակիցը նկատում է՝ Արցախն ստանալով՝ միևնույն է, Ալիևի ախորժակը չի փակվել, նա ավելին է ուզում․
«Ալիևը հագեցած չի, նա ուրիշ պահանջներ ունի։ Հիմա մենք ենք թիրախում։ Հայ ժողովրդին ոչնչացնելու խնդիր կա, դա անում են մաս-մաս։ Առաջին մասին ոչնչացրին, հիմա մեր հերթն է։ Ալիևը կանգ չի առնում, պահանջում է անկլավները, միջանցքները։ Նա խոում է ադրբեջանցիների վերադարձի մասին։ Խաղաղություն ուզող մարդը այսպես չի խոսում, սա խաղաղություն ուզող մարդու խոսք չէ, սա հայերին ոչնչացնելու ցանկություն ունեցող մարդու խոսք է։
Վերջին 130 տարիների՝ Թուրքիայի քաղականությունը նույնն էր՝ որտեղ հնարավոր է բնաջնջել հայերին ու թույլ չտալ, որ նրանք պետություն ունենան։ Դա արվել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, հիմա էլ Ղարաբաղում։ Կտոր առ կտոր մեզ ոչնչացնում են»,- նշել է Արթուր Խաչիկյանը։
Նա հռետորական հարց է տալիս, թե հայ-թուրքական սահմանը բացելուց առաջ որևէ հաշվարկ կատարվե՞լ է՝ ինչ է լինելու Հայաստանի տնտեսվարողների ու տնտեսության հետ․
«Որևէ տնտեսական հաշվարկ կատարվե՞լ է, թե ինչ է լինելու Հայաստանի տնտեսության հետ, Հայաստանում բանջարեղեն, միրգ, գինի ու ուրիշ պրոդուկտներ արտահանողի հետ ինչ է լինելու։ Ով է հաղթելու, եթե այստեղ լինի, օրինակ, Թուրքիայի տնտեսությունը։ Թուրքիայի տնտեսությունն ավելի հզոր է, գները ցածր են, անգամ տնտեսագետ չպետք է լինել, որ հասկանալ՝ ով է հաղթելու»,- ասել է Արթուր Խաչիկյանը։