Թուրքիային և Ադրբեջանին պետք է միայնակ Հայաստան՝ առանց երաշխավորի․ Սերգեյ Մելքոնյան
27 Մարտի 2026, 23:00
Այսօր ոչ մի անվտանգային երաշխիք չի աշխատում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
«Այսօր թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը փորձում է հասկանալ՝ ինչպես իրավիճակը կզարգանա և՛ Հայաստանի շուրջ, և՛ գլոբալ մակարդակում։ Հարավային Կովկասը գտնվում է սենդվիչի կարգավիճակում․ հյուսիսում ռուս-ուկրաինական պատերազմն է, հարավում հարևանների հետ ունենք պատերազմ, և արդյունքում տեսնում ենք, որ ոչ մի անվտանգային երաշխիք չի աշխատում։ Մենք եկել ենք նրան, որ մեծ տերությունները չեն կարողանում հաղթել պատերազմում»,- նշել է Մելքոնյանը։
Հարցին, թե Թուրքիային և Ադրբեջանին պետք է միայնա՞կ Հայաստան՝ առանց երաշխավորի, վերջինս պատասխանել է՝ միանշանակ։
«Օրինակ՝ Ուկրաինան փորձում է ամեն կերպ ներառել երաշխավորների մեխանիզմն ընդհանուր պայմանագրում։ Նույնը փորձում է անել Իրանը՝ հայտարարելով, որ իրենց պետք չէ զինադադար, փոխարենը պետք են խաղաղության պայմանագիր և երաշխավորներ։ Նրանք հասկանում են՝ եթե պատերազմն այսօր ավարտվի առանց որևէ զսպող մեխանիզմների, երրորդ պատերազմն անխուսափելի է։ Նույնը կլինի թե՛ մեր, թե՛ Ուկրաինայի դեպքում»,- եզրափակել է վերլուծաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։