Թուրքիային պետք է ծնկի բերել և պահանջել, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սևակ Նազարյան

18 Ապրիլի 2024, 22:30

Քաղաքականություն

Այս տարի ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից ժամը 19։15-ին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը։

«Վերջին 2-3 տարիներին ավանդույթի ուժով ջահերով երթը մեկնարկում է Հանրապետության հրապարակից։ Նախկինում երկար տարիներ այն մեկնարկել է Ազատության հրապարակից, բայց հաշվի առնելով իրադարձության կարևորությունը և մասշտաբների ընդլայնումը՝ արդեն երրորդ տարին անընդմեջ այն մեկնարկում է Հանրապետության հրապարակից։ Այն այս տարի կլինի ապրիլի 23-ին՝ 19։15-ին։ Երթուղին լինելու է Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան-Կիևյան փողոցներով՝ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Բոլորին կոչ եմ անում միանալ երթին»,- նշեց Նազարյանը։

Նա ընդգծում է՝ Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ այն այսօր էլ բացահայտ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը։

«Ջահերով երթը առաջին անգամ տեղի է ունեցել 1999թ-ին։ Այն ժամանակ հաշվի առնելով, որ Սովետական միության երկար լռության տարիներից հետո մենք ունեինք ձեռք բերված անկախություն, կարիք կար վերաարժևորելու նաև Հայոց Ցեղասպանությունը և Հայ դատը։ Եվ եթե ապրիլի 24-ը մարդկանց մոտ արդեն իսկ տպավորվել էր, որպես հիշատակի, հարգանքի, սգո օր, ապա կարիք կար դրան զուգահեռ մեր քաղաքական պահանջատիրությունը հստակ սահմանել։ Ապրիլի 23-ը հենց այն օրն է, երբ պահանջատիրության ջահը հայ մարդը իր հետ պետք է բարձրացնի Ծիծեռնակաբերդ։ Կարելի է ասել՝ սա հարգանքի տուրք է մեր 1․5 միլիոն նահատակների հիշատակներին, որովհետև Ցեղասպանությունը իրականության մեջ քաղաքական գործողություն է։ Թուրքիայի կողմից քաղաքական գործողություն էր հայ ժողովրդի բնաջնջմամբ, թուրքիզմի գաղափարախոսության իրականացմամբ, և հետևաբար սրա հատուցումն ու պատասխանատվությունը ևս պետք է լինի քաղաքական։

Մեր քաղաքական ձևակերպումը սրան հենց պահանջատիրությունն է։ Այն պատասխանատվության պետք է ենթարկի այսօրվա Թուրքիային, որը ուրացման քաղաքականություն է վարում և բացահայտ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը իր եղբայր Ադրբեջանի հետ։ Այս ամենը կանխելու մի տարբերակ կա՝ Թուրքիային պետք է ծնկի բերել և պահանջ դնել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հատուցել իր գործած բոլոր մեղքերի համար։ Ապրիլի 23-ը հենց այս պահանջատիրության օրն է»,- եզրափակեց Նազարյանը։