Թուրքիայում կրկին արգելափակվել է ազատ խոսքի արտահայտման հարթակներից մեկը

14 Մայիսի 2023, 16:45

Քաղաքականություն

Թուրիայում գործող Ekşi Sözlük առցանց բառարանը, որը յուրահատուկ հարթակ է ազատ մտքեր արտահայտելու համար, մայիսի 14-ի Թուրքիայի համապետական ընտրություններից 1 օր առաջ կրկին արգելափակվել է։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի Խոսքի ազատության ասոցացիան (İfade Özgürlüğü Derneği-İIFÖD), որը հետևում է Թուրքիայում արգելափակված կայքերին, նորություններին և սոցիալական մեդիայի բովանդակությանը։

Խոսքի ազատության ասոցացիայի հրապարակման մեջ մասնավորապես նշվել է, որ Ekşi Sözlük-ի նոր դոմենը` eksisozluk2023.com, Անկարայի 6-րդ քրեական դատարանի որոշմամբ կրկին արգելափակվել է։

Հիշեցնենք, որ ավելի քան 400 հազար բաժանորդ ունեցող Ekşi Sözlük անունով հայտնի առցանց հարթակի հիմնական դոմենը փակվել էր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին՝ փետրվարի 21-ին՝ «ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության» հիմնավորմամբ։

Բառարանի արգելափակումը քննադատել էին գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Ք․Քըլըչդարօղլուն, Ստամբուլի քաղաքապետ Է․ Իմամօղլուն և այլ ընդդիմադիր գործիչներ։ «Ամենակրիտիկական ժամերին փակեցին Twitter-ը, չկարողացա լսել օգնության կոչերը։ Հիմա էլ կտրեցին բառարանի ձայնը»,-գրել էր Քըլըչդարօղլուն՝ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը հորդորելով ձեռքերը հեռու տանել Ekşi Sözlük-ից։