Թուրքիայում քաղաքապետարանը խոստովանել է հայկական գերեզմանատունը ոչնչացնելու փաստը

08 Հունիսի 2023, 21:00

Հայեր

Թուրքիայի Վանի նահանգի Էդրեմիթի (պատմ. Արտամետ) շրջանի քաղաքապետարանի կայքի «բնակչություն» բաժնում տեղադրված տեքստում խոստովանվել է, որ տեղի հայկական գերեզմանոցը ոչնչացվել է պետական բնակարանաշինական կազմակերպության իրականացրած շինարարության և ճանապարհաշինության հետևանքով: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «medyascope.tv»-ի հաղորդմամբ՝ համապատասխան բաժնում տեղադրված հոդվածում նախ անդրադարձ է արվել շրջանի անվանմանը։ Նշվել է, որ հստակ ծագումը հայտնի չէ ու ավելացվել, որ հայկական աղբյուրներն այն կապում են հայ թագավոր Արա Գեղեցիկի հետ:

Հայկական գերեզմանատան թեմայով մասնավորապես ասված է. «Քըզքալեսի անունով ժայռաբեկորի հարավում կա մի փոքրիկ մատուռ: Մատուռից 400 մետր դեպի արևելք գտնվող հայկական ընդարձակ գերեզմանատունն ավերվել է 2005թ. TOKİ-ի (պետական շինարարական կազմակերպություն) կողմից շենքերի կառուցման, իսկ մնացածը ավերվել է 2012թ. ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ»։

Նշենք, որ Արտամետի հայկական գերեզմանատան ոչնչացման թեման բազմիցս բարձրաձայնվել է, սակայն թուրքական իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ: Վերջին անգամ աղմուկ էր բարձրացել 2017-ին Արտամետի քաղաքապետարանի կողմից գերեզմանոցի տարածքում հասարակական զուգարաններ կառուցելու պատճառով: Թեման Թուրքիայի խորհրդարանում բարձրաձայնել էր պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը, սակայն դա ևս մնաց անարձագանք։