Թուրքիայում իրադարձությունները տեղի են ունեցել , որպեսզի փակեն Իմամօղլուի ճանապարհը դեպի նախագահություն. Յաշար Նիյազբաև

19 Մարտի 2025, 23:55

Քաղաքականություն

Թուրք փորձագետ Յաշար Նիյազբաևը Alpha News-ին մեկնաբանել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդներից մեկի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումը։

«Այստեղ կարևոր պահն այն է, որ մի քանի օրից պետք է տեղի ունենային Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուի, այսինքն ՝ ընդդիմադիր կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածուի ընտրություն, և ինձ թվում է, որ հենց դրա համար է այս ամենը տեղի ունենում։ Որովհետև իշխանությունները փորձում են Էքրեմ Իմամօղլուին բացառել ընտրությունների այս քաղաքական պայքարից, որոնք, իրենց կարծիքով, կարող են վաղաժամ կայանալ։

Ոմանք նույնիսկ ասում էին, որ դրանք տեղի կունենան այս տարի, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք կանցկացվեն 2026 թվականին։ Որոշ փորձագետներ ասում են, որ եթե ընտրությունները ժամկետից շուտ անցկացվեն, ապա դա ձեռնտու կլինի Թուրքիայի նախագահ Էրդողանին, քանի որ արտահերթ ընտրությունները թույլ կտան նրան առաջադրվել երրորդ ժամկետով, բայց եթե ընտրություններն անցկացվեն ժամանակին, կարող են որոշակի դժվարություններ առաջանալ»,- ասել է Նիյազբաևը։

Փորձագետի խոսքով՝ Թուրքիայում ձերբակալությունները ընդդիմությունն անվանում է հեղաշրջում։

«Այն, ինչ հիմա կատարվում է, ընդդիմությունն արդեն հեղաշրջում է անվանում, քանի որ նրանք հասկանում են, որ այն ամենն, ինչ արվում է, արվում է Իմամօղլուի ճանապարհը դեպի նախագահություն փակելու համար։ Մինչ այդ իշխանությունները չեղյալ էին հայտարարել նրա դիպլոմը, այսօր ձերբակալել են և, ամենայն հավանականությամբ, նա կձերբակալվի։

Միաժամանակ իշխանությունները սահմանափակում են սոցիալական ցանցերը, արգելել են նաև զանգվածային միջոցառումները։ Այս ամենը վկայում է այն մասին, որ իշխանությունները չեն թույլատրի երկրում ապակայունացնել իրավիճակը»,- ընդգծել է Նիյազբաևը։

Փորձագետի խոսքով՝ այն, ինչ կատարվում է Թուրքիայում, ազդում է նաև Էրդողանի կողմնակիցների վրա, քանի որ նրանց համար կարևոր է, թե ինչպես են իշխանությունները վարում իրենց քաղաքական պայքարը։

«Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա նրանք միատարր չեն։ Թուրքիայում շատ քաղաքականացված քաղաքացիներ կան, և նրանք բաժանված են երկու մասի, մի մասը իշխանությունների կողմն է, ոմանք՝ իշխանությունների դեմ։ Այդ մասին կարելի է դատել վերջին նախագահական ընտրություններով, երբ Էրդողանը հավաքեց 50%-ից մի փոքր ավելի, ինչը խոսում է այն մասին, որ ամեն երկրորդը դեռ դեմ է նրան։ Եվ, իհարկե, ներկա իրավիճակը, ինձ թվում է, նույնպես ազդում է Էրդողանի կողմնակիցների վրա, քանի որ նրանց, այնուամենայնիվ, բացարձակապես միևնույն չէ, թե ինչպես են իշխանությունները վարում իրենց քաղաքական պայքարը։

Կա մի զանգված, որը միշտ աջակցում է Էրդողանին, կարծում է, որ Էրդողանն ամեն ինչ ճիշտ է անում, բայց կան նաև այնպիսիք, որոնք քվեարկում են՝ ելնելով իրենց տեսածից։ Հետևաբար, ներկա իրավիճակը կարող է այնքան էլ լավ դեր չխաղալ։ Մենք դեռ դա չգիտենք, բայց, ամենայն հավանականությամբ, Իմամօղլուն կարող է դառնալ ինչ-որ սուրբ զոհ, ինչը նրան կդարձնի ավելի հայտնի»,- եզրափակել է Նիյազբաևը։