Տավուշցիները հակառակ Փաշինյանի հավաստիացումների՝ պատմում են 4 գյուղերը հանձնելու վտանգների մասին

04 Ապրիլի 2024, 22:00

Քաղաքականություն

Alpha News-ի նկարահանող խումբը եղել է Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերում, որոնք հակառակորդի ուղիղ նշանառության տակ կհայտնվեն, եթե Ադրբեջանին հանձնվեն 4 գյուղերը՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին եղել էր այդ համայնքներում եւ գյուղացիներին ասել, որ պատերազմ չսկսվելու համար Կառավարությունը պատրաստ է Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում սահմանազատում սկսել:Հենց այդ հատվածով են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին: Այս գյուղերը անմարդաբնակ են, գտնվում են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ:

Փաշինյանը շեշտել էր, որ Ադրբեջանի հետ սահմանի ճշգրտում են անում ոչ միայն հանուն Հայաստանի, այլեւ հանուն Ոսկեպարի եւ մյուս գյուղերի անվտանգության ապահովման:

Այս տեսանյութում Կիրանց, Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերի բնակիչները հակադարձում են Փաշինյանին՝ ներկայացնելով վտանգները, որոնց կբախվեն, եթե այդ 4 գյուղերն անցնեն հակառակորդի վերահսկողության տակ:

Տավուշի մարզի այս գյուղերում Փաշինյանի այցից հետո, իհարկե, անորոշություն է, մարդիկ ուշի-ուշով հետևում են լուրերին։ Նրանք միաժամանակ վստահեցնում են՝ իրենց հողերը հայկական պահելու համար կկռվեն էլ։

Գյուղացիները պատմում են՝ այդ գյուղերը երբեք էլ Ադրբեջանին չեն պատկանել։ Նրանք եկել են այդ տարածքներում անասուն պահել ու կամաց-կամաց տնավորվել։

Մանրամասն՝ տեսանյութում: