Թույլ չենք տա, որ խոշտանգեն նրանց, ովքեր այլոց իրավունքներն են պաշտպանում. Գոռ Գևորգյան (լրացված)
11 Հուլիսի 2023, 19:35
«Սա 4 ամսվա մեջ փաստաբանի նկատմամբ արդեն երկրորդ բռնության դեպքն է»-, Alpha News-ի հետ զրույցում արձանագրում է «Գևորգյան փաստաբանական գրասենյակ»-ի հիմնադիր, փաստաբան Գոռ Գևորգյանը՝անդրադառնալով ոստիկանների կողմից փաստաբանների նկատմամբ հաճախակի դարձած բռնության դեպքերին եւ, մասնավորապես, վերջին դեպքին, ինչը փաստաբաններին կրկին փողոց դուրս բերեց:
Փաստաբանական համայնքը այսօրվանից եռօրյա գործադուլ է հայտարարել: Պատճառը փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքն է: Նա հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից իր նկատմամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
Ըստ փաստաբանի ներկայացրած հաղորդման, ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ, երբ փորձել է կանխել ոստիկանների կողմից իր պաշտպանյալին ծեծելու դեպքը: Այնուհետև ոստիկանները ձերբակալել են փաստաբանին, սակայն, հետագայում նա տուժող է ճանաչվել, իսկ քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը:
Փաստաբան Գոռ Գևորգյանը հիշեցնում է, որ երբ 4 ամիս առաջ գրանցվեց փաստաբանի նկատմամբ առաջին բռնության դեպքը, իրենց համայնքն այդ ժամանակ էլ լուռ չմնաց, ինչին հետևեց պետության որոշակի արձագանքը:
«Տեսանք գործուն քայլեր՝ դադարեցվեցին լ պաշտոնավարող անձանց իազորությունները ու քրեական վարույթի շրջանակներում քննվեց նրանց արարք»,- հիշեցնում է փաստաբանը:
Այս դեպքով, սակայն ըստ փաստաբանի, տեսնում են ոստիկանության կողմից պասիվ վարքագիծ. «Չդադարեցրեցին, չկասեցրեցին լիազորությունները պաշտոնավարող անձանց, որն էլ ինքնին, դիտվում է որպես փաստաբանների նկատմամբ կատարվող բռնությունների խրախուսում»:
Նրա խոսքով՝ փաստաբանական համայնքը նախ, մեկ օրյա գործադուլով փորձել է նախազգուշացնել, որ կատարվածի հանդեպ անտարբեր չեն, սակայն չտեսնելով պատկան մարմինների համապատասխան արձագանքը՝ որոշել են անցնել եռօրյա գործադուլի:
«Փորձեցինք ցույց տալ, որ առանց մեր գոյության, ուղղակի պարալիզացվելու է իրավական համակարգը»,- ասում է նա:
Գևորգյանն ընդգծում է՝ իրենց պահանջներն ավելի են ընդլայնել, հիմա պահանջում են նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը:
«Արամ Հովհաննիսյանի պասիվ վարքագիծը հենց ընդգծեց ոստիկանության կողմից բռնությունների դեպքերի խրախուսումը»,- ընդգծում է նա:
Գոռ Գևորգյանի խոսքով՝ ոստիկանապետն էր այն պատասխանատու անձը, որը պետք է արագ արձագանքեր և գործուն միջոցներ ձեռնարկեր բռնություն գործադրող ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար:
«Եթե մենք չտեսնենք համահունչ արձագանք, հետագայում ևս գործուն միջոցներ ենք ձեռնարկելու: Չեմ կարող ասել, թե ինչ, քանի որ ամեն անգամ պալատի նիստում տարբեր առաջարկներ քննարկելով՝ որոշվում է, թե պայքարի ինչպիսի ուղղ ու միջոց պիտի ընտրենք»,- բացատրում է փաստաբանը:
Փաստբանա Գոռ Գևորգյանի խոսքով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, և փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ եկել են ընդհանուր հայտարարի, որ փաստաբաններից ու ոստիկաններից բաղկացած խումբ կազմվի, որոնք արագ կարձագանքեն ոչ միայն փաստաբանների, այլև բոլոր քաղաքացիների նկատմամբ հնարավոր բռնության դեպքերին:
Նշենք, որ այսօր ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որտեղ ասված է.
1. Կողմերը կարևորում են փաստաբանության և ոստիկանության ինստիտուտների դերակատարումը Հայաստանի իրավական համակարգում
2. Կողմերը անընդունելի են համարում բռնությունների ցանկացած դրսևորում
3. Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությունների արդյունքներով իր գնահատականը տվել է Էրեբունի բաժնում տեղի ունեցած միջադեպին, իսկ Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպը գտնվում է ծառայողական քննության ընթացքում
4. Ներքին գործերի նախարարությունը հավաստիացնում է, որ միջադեպերին ներգրավված ոստիկանության ծառայողների արարքներին կտրվի պատշաճ իրավական գնահատական՝ ապահովելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն
5. Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը կստեղծեն ոստիկանության ծառայողներից և փաստաբաններից կազմված հանձնախումբ՝ նման իրավիճակներում օպերատիվ արձագանքելու, փոխադարձ քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողների և փաստաբանների վարքագծի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով
6. Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը մոտ օրերս կստորագրեն համագործակցության հուշագիր:
Նյութի հրապարակումից հետո տեղեկացանք, որ երեկոյան տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ: Նիստին ներկայացվել են ՀՀ ՆԳՆ նախարարի հետ հանդիպման արդյունքները:
Չնայած, որ արձանագրվել է խնդրի շուրջ Ներքին գործերի նախարարության վերաբերմունքի փոփոխությունը, բայց միևնույն ժամանակ, վերահաստատվել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության անգործությունը: Ըստ փաստաբանների՝ ԱԱԾ քննչական մարմնի հայտարարությունից բխում է, որ եղել է խոշտանգման դեպք, որը սակայն ոչ Քննչական կոմիտեի քննիչն (Ալիկ Մաթևոսյանը) է «նկատել», ոչ էլ՝ դատախազը (Գագիկ Հայրապետյանը): Այպիսով, փաստաբանները որոշել են շարունակել գործադուլ-ակցիան: