Թովմաս Նազարբեկյան․ Սարդարապատի հերոսը

04 Ապրիլի 2025, 22:05

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ապրիլի 4-ը հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի առաջին հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1855թ-ին Թիֆլիսում, ազնվականի ընտանիքում։ 1874 թ-ին ավարտել է Մոսկվայի ռազմական գիմնազիան, իսկ 1876 թ-ին՝ Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը:

1876թ-ին ծառայության է անցել 13-րդ երևանյան գվարդիական գնդում։ Նազարբեկյանն աչքի է ընկել 1877-1878 թթ-ի ռուս-թուրքական (հատկապես Արդահանի գրոհի ժամանակ) պատերազմում։ Ցուցաբերած հերոսության համար ստացել է առաջին մարտական պարգևը։ Այդ ժամանակ ընդամենը 22 տարեկան էր։

Էրզրումի մոտ ռազմական գործողությունների համար էլ պարգևատրվել է Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով։

1904-1905թթ. ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում Թովմաս Նազարբեկյանն արժանացել է «Ոսկյա զենքով քաջության համար» պարգևին՝ Մուկդենի ճակատամարտում խիզախության համար։ 1906թ-ին թողել է զինվորական ծառայությունը գեներալ-մայորի կոչումով։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նազարբեկյանը վերադարձել է ծառայության և նշանակվել 66-րդ հետևակային դիվիզիայի բրիգադի հրամանատար։ 1915թ-ին նրա հրամանատարության տակ գտնվող բանակը հաղթանակ է տարել Դիլման քաղաքում։ Դրա համար նա պարգևատրվել է Սուրբ Գևորգի 4-րդ աստիճանի շքանշանով։

Հեղափոխությունից հետո Նազարբեկյանը շարունակել է ծառայությունը հայկական բանակում, 1917-ին եղել է Երևանյան ջոկատի պետ և կորպուսի հրամանատարի իրավունքներով նահանգի զորքերի հրամանատար, 1917-1918 թթ․ արդեն՝ Հայկական առանձին բանակային կորպուսի հրամանատար։
1918 թ-ի մայիսին Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերն ու կամավորները Բաշ Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում հաղթել, իսկ Ղարաքիլիսայում կասեցրել են թուրքական զորքերի առաջխաղացումը: 1919 թ-ի մարտից Նազարբեկյանը եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական խորհրդի նախագահ և արժանացել է գեներալ-լեյտենանտի կոչման։

Թովմաս Նազարբեկյանը վախճանվել է 1931թ. փետրվարի 19-ին՝ Թիֆլիսում։